Փաստորեն ազգ-բանակ-պետություն կոնցեպցիան գործողության մեջ դրվեց ազգից 1000-ական դրամներ հավաքելով: Արդյո՞ք դա է բանակի փրկության ճանապարհը կամ ազգին ու պետությանը մոտեցնելու ուղին: Այս հարցին ի պատասխան «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը նշեց. «Իհարկե, դա կարող է լինել ուղիներից մեկը, երբ յուրաքանչյուրը պարտավորվածություն զգա նաև ֆինանսապես սատար կանգնելու բանակին, թեև բոլոր հարկատուներն իրենց միջոցներից անուղղակիորեն մասնահանում անում են մեր բանակի՝ մեր թիվ մեկ կառույցի համար:
Առաջին հայացքից հրաշալի նախաձեռնություն է, եթե համախմբող գործառույթ ունենա, բայց նման հասարակության մեջ, ինչպիսին մենք ենք, որտեղ շեշտված անհավասարություն է, այսինքն՝ դասական արժեքներից մեկը՝ հավասարության սկզբունքը խախտված է և բևեռացված է, որտեղ մեծահարուստներ կան և ընդամենը 1000 դրամ հավաքելու ոչ ունակ քաղաքացիներ, որոնք փողոցում մուրացկանությամբ են զբաղված, մի փոքր ավելի վտանգավոր կարող է լինել այս նախագիծը, գուցե ունքը շինելու փոխարեն, աչքն էլ հանենք՝ ատելության մղենք, որովհետև կարող են տրտնջալ և ասել՝ լսե՛ք, սիրելի՛ իշխանություններ, ընդամենը ձեր շքեղ մեքենաների պահեստային անվադողը բավարար է… ձեր դուբայներում անցկացրած մեկ երեկոյի գումարներն ինչո՞ւ եք ուզում ժողովրդից հավաքել, չէ՞ որ դրանով վատ վերաբերմունք կապահովեք»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն ասել է ՝ շան տղա կլինի նա, ով այդ գումարներից մեկ դրամ անգամ գրպանի, Մ. Հայրապետյանը նշեց, որ անլուրջ արտահայտությունները չի մեկնաբանում. «Նման ձևակերպումն իմ կուլտուրոլոգիայից բավականին ցածր է, ես «հողաթափիկ ինֆուզորիաներով» չեմ զբաղվում»:
Գուցե իշխանությունները պետք է նախկինում մսխված և թալանված գումարները վերադարձնեն. այս դիտարկման վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց. «Աղվեսին հավաբնի վրա պահապան կարգելը խաբեություն է, աճպարարություն: Մեր ժողովուրդը հրաշալի իմաստնություն ունի: Սա վիրավորանք է ժողովրդի հանդեպ, ավելին՝ սա մարտահրավեր է՝ ուղղված պետականությանը: Չի կարելի այսքան անբարոյական լինել: Եթե իշխանությունն այդ բառապաշարով է խոսում, իրոք անդունդի պռնկին է մեր պետականությունը»:
Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ՝ կառավարության փոփոխությունները ժամանակ երկարաձգելու համար են, խաբեություն են: «Այստեղ կոսմետիկ փոփոխություններից ավելին անելն անհնար է, որովհետև մենք գտնվում ենք ռուսական ծիրում, ավելին մեր իշխանություններից չեմ ակնկալում, քանի որ նրանք ռուսական իմպերիայի դրածոներն են: Ուրիշ բան, որ իրոք այսօր մեր ճակատագիրն Ուկրաինայում, Սիրիայում է որոշվում: Իհարկե, մեզանից էլ է շատ բան կախված, գոնե ներսում պիտի աճպարարություն չանենք, հիշեցի Ռ. Դավոյանի բանաստեղծությունը՝ «Եթե պիտի ապրենք ձկան նման, գոնե թող ջուրը մաքուր լինի»:
Գողությունը թաթար-մոնղոլական համակարգին է բնորոշ, իսկ Ռուսաստանը վերադարձել է այդ համակարգին, մենք չենք կարող ավելին լինել: Դա միայն մեր իշխանավորների կամքից չի կախված: Եթե հանկարծ որևէ իշխանավոր փորձի կոռուպցիայով չզբաղվել, խցանի նման դուրս կթռչի»:
Միքայել Հայրապետյանի կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու համար կա ելք. «Մեր քաղաքական վերնախավը պետք է ասպարեզը զիջի մինչև 40 տարեկան արևմտյան կրթություն ստացած երիտասարդներին, պրոֆեսիոնալեներին պիտի զիջեն տեղը»: Բայց իհարկե դա չեն անի, քանի որ հենց որ որոշեն հեռանալ, նույն պահին իրենց շենքերի մուտքերի մոտ կգնդակահարվեն, այդ ձեռագիրը մեզ ծանոթ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































