Լեհաստանում մեկնարկված «Անակոնդա-16» մեծամասշտաբ զորավարժությունները անհանգստացնում են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր սրման կապակցությամբ, գրում է Der Spiegel-ը՝ հղումով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին:
ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում համարում են, որ զորավարժությունները «չափազանց ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի կողմը»: Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությանը, զորավարժությունների ընթացքում «առանց անհրաժեշտության ցուցադրվում է իրական պատերազմի սցենար»,- մեջբերում է Der Spiegel-ը: Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրյակին դա նշանակում է չափազանց հեռու գնալ, ենթադրում են դաշինքում:
«Անակոնդան» ձևականորեն ազգային զորավարժություն է, սակայն Վարշավայի ճնշման տակ դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի համարյա բոլոր երկրները, նախևառաջ՝ ԱՄՆ-ը:
«Դաշինքի համար պահը անհաջող է ընտրված: Այն ժամանակ, երբ Բրյուսելում նշում են, որ մտադիր են ինչ-որ կերպ վերականգնել Մոսկվայի հետ երկխոսությունը, Լեհաստանում պատերազմ է ներկայացվում»,- գրում է պարբերականը:
Բացի այդ, զորավարժություններին Լեհաստանը հրավիրել է մասնակցելու նաև Ուկրաինային և Վրաստանին: Այդ երկրները ձգտում են մտնել ՆԱՏՕ, սակայն դաշինքում այդ գաղափարը մերժվում է` մասնավորապես Ռուսաստանին «չզայրացնելու» համար: «Սակայն լեհերը դա հաշվի չեն առնում: Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը Վարշավան հայտարարել է հնացած»,- նշում է Der Spiegel-ը:
«Բեռլինի տեսակետից` Վարշավան դիտմամբ սադրում է»,- ընդգծել է գերմանական պարբերականը:








































