Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման (ԱՄՆ), Ֆրանսուա Օլանդը (Ֆրանսիա), և Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան), հանդես կգան ղարաբաղյան կարգավորման մասին հայտարարությամբ:
Նշենք, որ նմանատիպ հայտարարություն առաջին անգամ չէ, որ արվում է, սակայն սովորաբար դրանք որևէ հետևանք չեն ունենում: Այն մասին, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել այս հայտարարությունից հետո, «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
Նրա կարծիքով՝ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները «ֆիքսում են հենց իրենց փոխհարաբերությունների նրբություններն իրենց իսկ համար»` մեր տարածաշրջանում առկա հանգուցային խնդրի վերաբերյալ․ «Ամենևին պատահական չէ, որ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված խիստ հակասական ու իրարամերժ դրույթներ պարունակող՝ ԼՂ հակամարտության կարգավորման նրանց կողմից առաջարկվող հայեցակարգը իրագործվելու հեռանկար չունի»:
Արման Մելիքյանի գնահատմամբ՝ հարցի գինը շատ բարձր է և կարգավորման այս կամ այն եղանակի կիրառման հետևանքներն իրենց ազդեցությունը կունենան շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական համատեքստում:
Մեր զրուցակիցը հավելեց, որ համանախագահներն իրենց հարաբերությունների հակասականությունն են ներառում այսօրինակ հայտարարություններում, իսկ այդ հակասությունների չհաղթահարված լինելու պատասխանատվությունն ինքնաբերաբար դնում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա․ «Այս համատեքստում առավել ուշագրավն այն է, որ գերտերությունների ղեկավարները որևէ կշտամբանք Արցախի ժողովրդին ու իշխանություններին չեն ուղղում։ Թերևս Արցախը դիտարկվում է որպես հուսո վերջին հանգրվան, որպես մի ատյան, որը իրավասու կլինի մերժել այն համաձայնությունները, որոնք կարող են գրանցվել Հայաստան-Ադրբեջան մակարդակում»:








































