Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին Աբովյան քաղաքում իրականացնելու է իր ընտանիքի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը: Նա Ազատություն հրապարակում ԲՀԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ ներկաներին հրավիրեց այդ բացմանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ օրը կամ միգուցե հաջորդ օրը տեղի է ունենալու նաև Գ. Ծառուկյանի հիմնադրած հսկայական հանգստի, խաղատների և զվարճանքների «Փարավոն» կենտրոնի բացումը, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու՝ Բալահովիտ տանող հատվածում, և որն իր հսկայական տարածքում ներառում է «Կեմպինսկի» բարձրահարկ հյուրանոցը, «Շանգրի լա» խաղատունը, հայտնի երկու բուրգերը, որոնք նույնպես խաղատուն են դարձել, և բազմաթիվ այլ փոքր ու մեծ շինություններ:
Շաբաթներ առաջ, երբ «Առաջին լրատվական»-ը նկարահանում էր այդ շինությունը, շինարարական աշխատանքները գրեթե ավարտված էին։ Այդ պահին կատարվում էին միայն «Շանգրի լա»-ի վերանորոգման աշխատանքները, և աշխատողները տեղեկացրեցին, որ համալիրի բացումը կկայանա մայիսին:
Կարծիք կա, թե Գ. Ծառուկյանն այդ երկու բացումներին արտերկրից հրավիրել է նաև բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջինս Հայաստան է գալու պետական այցի շրջանակներում և միաժամանակ մասնակցելու է Գ. Ծառուկյանի եկեղեցու և օբյեկտի բացման արարողություններին: Բացի այդ, Ա. Լուկաշենկոն Գ. Ծառուկյանից պետք է պարզի, թե անցած տարվա խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավին մասնակցած տրակտորների համար ինչու մինչև հիմա չի վճարում:
Հիշեցնենք, որ այդ տրակտորները Գ. Ծառուկյանը ներկրել է Բելառուսի Бобруйский գործարանից և գումարի մի մասը դեռ չի վճարել: Ընդ որում, այդ գործարքը կատարվել է գյուղատնտեսության նախկին ԲՀԿ-ական փոխնախարար Վարդան Կարապետյանին պատկանող «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերության միջոցով: Բելառուսական գործարանը վերջերս ՀՀ իշխանություններին նամակ էր ուղարկել՝ խնդրելով միջամտել, որ գնորդը վճարի պարտքը, հակառակ դեպքում դատի կտա այդ ընկերությանը:
Ճիշտ է, Վ. Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել էր, որ անցած տարի Բելառուսից ներկրած և ԲՀԿ-ի քարոզարշավին մասնակցած տրակտորներն իրենց կուսակցության հետ կապ ունեն՝ նշելով, որ դա իր տղան է ներկրել, սակայն այդքան էլ այդպես չէ. տրակտորներն իրականում ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանն է ներկրել անցած տարվա քարոզարշավին օգտագործելու համար: Եվ Ա. Լուկաշենքոյի հետ ժամանող պատվիրակությունն իր հետ բերելու է նաև տրակտոր արտադրող գործարանի ևս մեկ նամակ-պահանջ, որ ԲՀԿ-ն կամ Վ. Կարապետյանը փակեն ունեցած պարտքը:









































