Այսօր ավագանու ընտրություններին ընդառաջ՝ կազմակերպվել էր քննարկում «Երևանի քաղաքաշինական խնդիրները և դրանց լուծումները՝ ըստ ավագանու թեկնածուների» թեմայով:
«Առաքելության» համամասնական ցուցակի անդամ Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ Փոքր կենտրոնի անկանոն կառուցապատմանը: Նրա խոսքով՝ 2000 թվականից սկսվեց այն ժամանակ բոլորի համար ընդունելի Հյուսիսային պողոտայի կառուցապատումը, սակայն այնտեղ քաղաքաշինական գործոնը զիջեց տնտեսականին:
Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակի անդամ Հրայր Սարգսյանը անդրադարձավ Երևան քաղաքի հատակագծին: Նա նշեց, որ երկրաշարժից հետո հաշվի առնելով սեյսմիկ գոտին՝ որոշում ընդունվեց յոթ հարկից բարձր շինություն չկառուցել, սակայն սա հաշվի չի առնվում, բացի այդ, չեն հետևում քաղաքում ընթացող շինարարության արտաքին տեսքին, այսինքն՝ կառուցվող շենքերը համահունչ չեն քաղաքի արտաքին տեսքին:
«Բարև Երևան» դաշինքի անդամ Գարեգին Հակոբյանը նշեց, որ ավագանին այս ընթացքում հանրությանը հուզող որևէ հարց չի բարձրացրել, թեև քաղաքն ունի օրենքի ուժ ունեցող գլխավոր հատակագիծ, որից առկա են շեղումներ:
ԲՀԿ-ական ավագանու անդամ Գուրգեն Գասպարյանը նշեց, որ անհրաժեշտ է ավելացնել կանաչապատ տարածքները, Երևանն այսօր ծերացող քաղաքի տպավորություն է թողնում:
ՀՀԿ համամասնական ցուցակի ավագանու անդամ Լևոն Իգիթյանի խոսքով՝ մեզ մոտ տարածված է այն մտայնությունը, թե բոլոր ճարտարապետները անտաղանդ են: Նա լրագրողներին կոչ արեց՝ եթե ուժ ունեն, թող պարզեն, թե Թատերական հրապարակի այգում 18 օբյեկտներից որ մեկի հետևում որ քաղաքական ուժն է կանգնած, և թող լրագրողները կոչ անեն, բոլորը թող օրինակ ցույց տան, և կուսակցությունները հրաժարվեն դրանցից. «Ինչ-որ մեկը թող նախաձեռնի, սկսի»,- ասաց նա:
Ավագանու համամասնական ցուցակի ՀՅԴ անդամ Բորիս Հայրապետյանի կարծիքով՝ Երևան քաղաքի կառուցապատումը չի համապատասխանում թամանյանական նախագծին, բացի այդ՝ ընդունված միջազգային չափորոշիչներով քաղաքի կենտրոնում պետք է բիզնես առևտրային շինություններ լինեն, իսկ բնակելի շինություններն էլ պետք է հասցվեն նվազագույնի, սակայն, Բորիս Հայրապետյանի խոսքով, մեզ մոտ տեղի է ունենում ճիշտ հակառակը:
ՀԱԿ Երևանի ավագանու համամասնական ցուցակի անդամ Ավետ Պողոսյանն էլ նշեց, որ գոյություն ունի գլխավոր հատակագիծ, որից ցանկացած շեղում հանցագործություն է: «Լևոն Իգիթյանը ժողովրդի և իշխանության միջև բուֆեր է հանդիսանում»,- ասաց Ավետ Պողոսյանը: Նա նշեց, որ իշխող քաղաքական ուժին պետք է զրկել մենաշնորհից:
«Ինչո՞ւ եք անընդհատ Հանրապետականի մասին խոսում, մնացածը ստերիլ վիճակո՞ւմ են, մյուսներում չկա՞ն օլիգարխներ»,- զայրացավ Լևոն Իգիթյանը:
«Օլիգարխների դեմ այսօր խաղ չկա ոչ Երևանում, ոչ էլ ընդհանրապես հանրապետությունում, նրանց պետք է բերել օրենքի դաշտ, մայրաքաղաքը համայն հայության մայրաքաղաքն է»,- ավելացրեց Բորիս Հայրապետյանը:
«Մեր քաղաքը» ՀԿ անդամ Վարդան Գերավետյանի խոսքով՝ ինչ կատարվում է քաղաքում, քաղաքապետը տեղյակ է, և ավագանին եթե հասկանում է, որ դա սխալ է, պետք է կամ պարտադրի խնդրի լուծում, կամ հրաժարական կտա:
Լևոն Իգիթյանը նշեց, որ անկախությունից հետո շատ շենքեր վաճառվեցին, շենքերի մեծ մասը, ըստ նրա, վաճառվեց առաջին իշխանության ժամանակ:
Գուրգեն Գասպարյանի խոսքով՝ այս տարիներին ԲՀԿ ավագանու անդամները իրենց գործողություններով բազմիցս հանդես են եկել, բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Կարեն Կարապետյանի օրոք կրպակները մնացին, մարդիկ իրենց հանապազօրյա հացը վաստակեցին, շատ հարցերում ԲՀԿ ավագանին կամ դեմ է եղել, կամ ձեռնպահ: Կարեն Կարապետյանի օրոք մաքրվել է Փափազայն փողոցը, որը, ըստ Գուրգեն Գասպարյանի՝ սխալ էր:









































