Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջարկել է ակտիվացնել այդ կազմակերպության խաղաղապահ բաղադրիչը և որպես դրա համար անհրաժեշտ կառույց առաջարկել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի պատրաստման Կենտրոնը: Ըստ էության, սա այն երևի թե եզակի կոնկրետ առաջարկն է, որով հանդես է եկել Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Ընդ որում՝ շատ դժվար է ասել, թե արդյոք այս առաջարկը որքանով է բխում Հայաստանի շահերից: Խնդիրն այն է, որ այս առաջարկը ոչ այլ ինչ է, քան պարզապես Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահների, այսպես ասած, ռազմակայան դարձնելու առաջարկ: Խաղաղապահների պատրաստման կենտրոնը, ըստ էության, նշանակելու է ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի մշտական ներկայություն Հայաստանում: Ավելի ճիշտ՝ դա լինելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայություն, քանի որ ղազախական, բելառուսական կամ ղրղզ-տաջիկական խաղաղապահները հազիվ թե որևէ բան «կորցրած» լինեն Հայաստանում: Նրանց մասնակցությունը կլինի շատ ձևական, իսկ Հայաստանում ռազմական կենտրոնը ավելի շատ պետք է Ռուսաստանին:
Հայաստանի առաջարկը ամենայն հավանականությամբ ՌԴ պատասխանն է Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացմանը: Ի պատասխան դրա՝ Ռուսաստանը, ըստ ամենայնի, Հայաստանից պահանջել է հանդես գալ ՀԱՊԿ-ի խաղաղապահների կենտրոնի ստեղծման առաջարկով, որի օգնությամբ Մոսկվան Հայաստանում կավելացնի իր ռազմական ներկայությունը:
Այժմ այդ ներկայությունն ապահովում են Հայաստանում 102-րդ մարդասպան ռազմակայանը, որն առայժմ Հայաստանում ավելի շատ քաղաքացի է սպանել, քան որևէ գործնական օգուտ բերել Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հսկում են Հայաստանի և Իրանի, Հայաստանի ու Թուրքիայի սահմանները: Եվ ահա, Մոսկվան, փաստորեն, երրորդ ռազմական բաղադրիչը տեղակայելու գործընթացում է՝ ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոնի տեսքով: Ասել կուզի՝ ըստ էության ավելանում է Հայաստանում ռուսական միլիտարիզացիայի մակարդակը: Սա, բնականաբար, կներկայացվի որպես անվտանգության բաղադրիչի աճ, բայց եթե ռուսական այդչափ ռազմական ներկայությունը որևէ անվտանգություն ապահովելու է, ապա բացառապես Հայաստանում ռուսական կայսրության անվտանգությունը:
Երևի թե բոլորովին պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը ընդգծեց, թե հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին մանրամասներ կհայտնի ՀԱՊԿ-ի վեհաժողովում: Դա ակնհայտ վկայեց, որ խոսքը գնում է Հայաստանից որևէ առաջարկի ներկայացման մասին, և այժմ այդ առաջարկի բնույթին ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ առաջարկի վերաբերյալ հանձնարարականը Երևանը ստացել է Մոսկվայից: Հակառակ պարագայում, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի շահին, Երևանի առաջարկը ՀԱՊԿ-ին պետք է կրեր շատ ավելի գործնական բնույթ և շատ ավելի առարկայորեն առնչվեր Հայաստանի արտաքին վտանգի դիմագրավման խնդրին:
Խաղաղապահները, որպես կանոն, ոչ թե վտանգն են կանխարգելում, այլ ընդամենը հաստատում են տվյալ գոտում որևէ միջազգային ազդեցություն՝ նայած, թե ինչ հովանու ներքո են նրանք հանդես գալիս: Հետևաբար, եթե խոսքը ՀԱՊԿ խաղաղապահների մասին է, ապա դա նշանակում է, որ խոսքը ՀԱՊԿ կամ ռուսական ազդեցության հաստատման մասին է, ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու: Ավելին՝ խաղաղապահները սովորաբար գալիս են «ավերակների վրա թագավորելու», և այդ իմաստով էլ ՀԱՊԿ-ին արված առաջարկը որևէ կերպ չի տեղավորվում Հայաստանի շահերի և անվտանգության ծիրում:
Սրան զուգահեռ՝ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների Կենտրոնի ստեղծումը, որի առաջարկն անում է Սերժ Սարգսյանը, ըստ էության նշանակելու է Հայաստանի խաղաղապահ բրիգադի, այսպես ասած, վերակողմնորոշում դեպի ՀԱՊԿ-ռուսական ենթակայություն: Այդ բրիգադը որպես դասակ ստեղծվել, հետո ծավալվել է ՆԱՏՕ-ի աջակցությամբ, մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո մի շարք գործողությունների, ստացել բավական բարձր գնահատականներ, աչքի ընկել իր բարձր պատրաստությամբ, ըստ էության համարվել հայկական զինված ուժերի ամենաառաջադեմ միավորներից մեկը: Երբ այդ բրիգադի կենտրոնի վրա ստեղծվում է ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն, դա նշանակում է, որ, մեծ հաշվով, Հայաստանի խաղաղապահները ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունից աստիճանաբար կչեզոքացվեն և կանցկացվեն ՀԱՊԿ-ի հովանու ներքո, այսինքն՝ Հայաստանի խաղաղապահները ՆԱՏՕ-ի հետ գործ կունենան այնքանով, ինչքանով դա կտեղավորվի ՀԱՊԿ-ՆԱՏՕ գործակցության ծիրում: Իսկ այդ մասով, ըստ էության, այսօր նույնիսկ գործակցություն էլ չկա, և հարաբերությունը աստիճանաբար լարվում է:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի առաջարկը, ըստ էության, նշանակում է հայ խաղաղապահների բրիգադը կտրել ՆԱՏՕ-ից, համենայնդեպս հեռանկարում, միջնաժամկետ ընթացքում: Դա ևս մեկ վկայություն է, որ առաջարկը բացառապես չի բխում Հայաստանի շահերից ու անվտանգության խնդիրներից և սպասարկում է զուտ ռուսական շահերը:
Այսպիսով, սեպտեմբերի 7-ի Պուտին-Սարգսյան հանդիպումից, դրան հաջորդած մի շարք իրադարձություններից հետո, օրինակ՝ Ղրիմի ղեկավարի Հայաստան այցի մասին ՌԴ նախագահի ներկայացուցչի հայտարարությունը, սեպտեմբերի 15-ի ՀԱՊԿ վեհաժողովն էլ վկայում է, որ Հայաստանը մտել է ՌԴ ճնշման հերթական փուլ և զգալիորեն տեղի է տալիս այդ ճնշումներին: Այս փուլը հաջորդում է ամառային շրջանին, երբ Հայաստանն իրեն թույլ տվեց ռազմա-քաղաքական և տնտեսական առումով մի քանի կարևոր քայլեր կատարել արևմտյան ուղղությամբ:
Ամենայն հավանականությամբ Ռուսաստանն անցնում է հակագրոհի, և այս առումով բաց են մնում մի քանի կարևոր հարցեր՝ արդյո՞ք այս ընթացքում Ռուսաստանն ինչ-որ բան է զիջել Արևմուտքին և ստացել Հայաստանի վրա ճնշումն ավելացնելու իրավունք. արդյո՞ք Հայաստանը չափն անցել է, և Մոսկվան որոշել է սեղմել օղակը. արդյո՞ք Մոսկվան որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Անկարայի ու Բաքվի հետ՝ Կովկասում և մասնավորապես ղարաբաղյան խնդրում Վաշինգտոնի ակտիվացող և մեծացող դերը արգելափակելու համար և ձեռնամուխ է եղել Հայաստանին ճնշելուն. արդյո՞ք Սերժ Սարգսյանը հերթական զիջումներն է անում Ռուսաստանին ներքաղաքական դիրքերում հարված չստանալու և ամրությունն ապահովելու համար, ինչպես երկու տարի առաջ սեպտեմբերին:








































