«Հրապարակ» թերթը գրում է. «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքով հարցաքննվել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առևանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։ Արսեն Ավետիսյանը մասամբ է ցուցմունք տվել, քանի որ նրա քիթը «գիպսի» մեջ է, դեռ չի կարողանում հստակ խոսել, քիչ բան է պատմել իրավապահներին։
Փոխարենը, երկար և հանգամանալից ցուցմունք է տվել նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը։ Նա եղել է Ջերմուկում, Արսեն Ավետիսյանի եղբորից է իմացել դեպքի մասին և անմիջապես ահազանգել է ոստիկանություն, լրատվամիջոցներին։ Դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար։ Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի, թե ոչ, ինչ հոդվածով, և ովքեր կանցնեն գործով՝ միայն թիկնապահները, թե նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս հարցով քաղաքական որոշում երեկվա դրությամբ դեռ չի կայացվել, սակայն երկար սպասել չեն տա՝ առաջիկայում հստակություն կմտցվի։
Հետաքրքրիր է նաև մեկ հանգամանք ևս. «Էյր Արմենիայի» տնօրենի անվտանգությունը պահպանում է «Արմմոբիլը»: Սա հենց այն ծառայությունն է, որը ֆուտբոլային խաղերի ժամանակ ապահովում է անվտանգությունը: Փաստորեն ստացվում է, որ Ավետիսյանն իր անվտանգություը վստահում է Ռուբեն Հայրապետյանի գործընկերոջը, ովքեր պաշտպանում են նրա ծեծածին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:







































