Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եկել է պահը՝ երկիրը մենակ չթողնելու, և ինքը որոշել է վերադառնալ Հայաստան: Նրա խոսքով՝ պատերազմի մասնակիցները թելադրեցին իրենց ապրելու ձևը, հիմա եկել է ստեղծագործ և պրոֆեսիոնալ հատվածի ժամանակը, եկել է պահը՝ լրջորեն մոտենալու պետությանը:
Քանդակագործի կարծիքով՝ մինչև հիմա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը տանում է նրան, որ ՀՀ-ն գնալով վերանում է աշխարհագրական քարտեզից: «Որպես դրսում ապրող հայ՝ տեսնում եմ, որ ՀՀ դեսպանատները անգործության են մատնված՝ գործունեություն ծավալելու և երկիրը ներկայացնելու փոխարեն, միայ երգ ու պարով չպետք է ներկայանալ»,- ասաց Վիգեն Ավետիսը՝ հավելելով, որ ՀՀ կշիռը գնալով անհետանում է, և դա դրսից ավելի պարզ է երևում:
Հանդիպման մյուս բանախոսին՝ դիրիժոր Վարդան Հակոբյանին, այսօր ամենից շատ հետաքրքրում է այս ամբողջ գործընթացների բարոյական կողմը: Ստի քանակը իրեն՝ որպես մտավոր դաշտի ներկայացուցչի, շատ է անհանգստացնում: Նրա կարծիքով՝ բարոյականությունը, ազնվությունը պետք է լինեն քաղաքական կատեգորիա:
Այսօր, ըստ դիրիժորի, մենք չունենք քաղաքական մշակույթ: «Խախտվել է մեր պետության ձևաչափը, մարդ- պետություն է, ընտանիք-պետություն է: Ամբողջ ժողովուրդը գիտի՝ ովքեր են մեզ թունավորում, մի հոգի որոշել է Փակ շուկան քանդի, և որևէ կերպ չենք կարողանում կանխել»,- ասաց Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ սա քաղաքացիական շարժում է, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չշարունակել, շարժումը շարունակվելու է:
Վիգեն Ավետիսի խոսքով՝ իրադրությունը մի կերպ պահել հնարավոր չէ: Ըստ նրա՝ պետք է ցրել ԱԺ-ն և հայտարարել բաց, ազատ ընտրություններ:
«Շատ շուտով հանրապետությունը կաթվածահար կլինի, չեն աշխատի օղակները, իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետական այրերը պետք է մտածեն, պետք է հասկանան, որ ավարտվել է մի փուլ, հին փուլով չեն կարող կառավարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր մարդիկ պահանջատեր են:
Նա նաև նշեց, որ Րաֆֆին սկսում է իր նախագահության շրջանը սոված ժողովրդի հետ սովով, շատ կարևոր է, որ նա իր նախագահությունը սկսում է ժողովրդի ստամոքսին համահունչ: Սա միջազգային ատյանների համար արվող քայլ է, որպեսզի լրջորեն վերաբերվեն ՀՀ քաղաքացու ընտրությանը:
Վարդան Հակոբյանը նախախորհրդարանի անդամ է: Ըստ նրա՝ պետք է ձևավորել երկրի նոր կառավարման համակարգ, ելքը այլընտրանքային կառույցների ձևավորման մեջ է, սահուն անցումը նոր համակարգի, այսինքն՝ եթե կա Բաղրամյան 26, նախագահական մյուս շենքը կարող է լինել Գարեգին Նժդեհ 26-ում: Կլինի խորհրդարան, ուրիշ դատական համակարրգ, պետություն՝ պետության մեջ, որտեղ ժողովուրդը ինքը կընտրի ում վստահել: Պետություն ունենալու ամենակարևոր գրավականը ժողովրդից չկտրվելն է:
Վիգեն Ավետիսի կարծիքով՝ ապրիլի 9-10-ից հետո նոր ընտրություն կլինի: Իսկ Վարդան Հակոբյանը կարծում է, որ տեղի կունենա նոր նախագահի օծման արարողություն. «Ես պատկերացնում եմ պետություն՝ պետության մեջ, իրական պետություն, որը սպասարկում է ժողովրդի շահերը»:
Վիգեն Ավետիսին հիացրել է այսօրվա պայքարող երիտասարդությունը, որն այլ կերպ է մտածում:
«Մենք ունենք հեղափոխություն, գիտակցական հեղափոխություն: Արդեն եղել է հեղափոխությունը, մնացել է վավերացնել և շարժվել առաջ»,- ասաց նա:










































