Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի այն խոսքերը, որ պետք է դատական գործընթաց սկսել Ղանդիլի (Հյուսիսային Իրաք) քաղաքական գործիչների դեմ։
«Մարաշի, Չորումի դեպքերից սկսած մինչև Սվազի դեպքեր ձեռքերն արյան մեջ թաթախածները, մինչև պարանոց արյան մեջ թաղվածները այս երկրում դեռ պատասխան չտված այդ ամենի համար՝ իրենք են բարձրացնում պատասխանատվության ենթարկելու հարցեր։ Կուսակցությունները բացում է ժողովուրդը, ժողովուրդն էլ փակում է դրանք։
Մենք չենք վախենում կորցնելու զգացումից, մենք չունենք կորցնելու բան՝ դատարկ գրպաններով եկել ենք, դատարկ գրպաններով էլ կգնանք։ Մենք չունենք միլիարդավոր դոլարներով լեցուն կոշիկի տուփեր (կոշիկի տուփը Թուրքիայում դարձել է 2013 թվականի դեկտեմբերին ծագած կոռուպցիոն սկանդալի խորհրդանիշը, քանի որ ոստիկանությունը թուրքական «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Ասլանի տան խուզարկման ժամանակ կոշիկի տուփերի մեջ գտել էր 4.5 մլն դոլար-1in.am)։ Դուք ունեք մտածելու բան»,- ասել է Դեմիրթաշը։
Նա հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ երկիրը քայլ առ քայլ ներքաշեն քաղաքացիական և տարածաշրջանային պատերազմների մեջ. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արած հայտարարությունները վկայում են, որ նա խուճապի մեջ է և զբաղված է միակուսակցական իշխանության ուղիների փնտրտուքով։
Ներկա դրությամբ անցումային կառավարությունը, ժամանակավոր վարչապետը երկիրը քայլ առ քայլ տանում են դեպի մեծ պատերազմ։ Սիրիայի հարցում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում գործած սխալները հանգեցրել են նրան, որ Թուրքիան խրվել է մերձավորարևելյան ճահճուտում։
Մենք տեսնում ենք, որ մինչև պարանոցը հանցանքների, մեղքերի, կեղտոտ արարքների մեջ թաղված ԱԶԿ-ը հունիսի 7-ի ընտրություններից հետո մեծ խուճապի ու զայրույթի մեջ է և վերստին սկսել է փնտրել միակուսակցական իշխանություն տանող ուղիներ։ Մենք չենք վախենում արտահերթ ընտրություններից»։
Խոսելով ԴԱԻՇ-ի դիրքերին թուրքական կողմի հասցրած հարվածների մասին՝ Դեմիրթաշը հայտարարել է, որ չի կարծում, թե դա պետական քաղաքականություն է, և կարծում է, որ դա պալատական (պալատի) քաղաքականություն է, և որ ԴԱԻՇ-ի դեմ ուղղված այդ բոլոր գործողություններն ուղղված են Թուրքիայի կառավարության դեմքը փրկելուն։








































