Հայաստանի իշխանական համակարգում, ըստ էության, մեկնարկել են դիրքորոշումների հստակեցման գործընթացներ, և առաջիկա ժամանակահատվածում ամենայն հավանականությամբ աստիճանաբար ի հայտ կգան այն թիմերը, որոնք կպայքարեն առաջիկա ընտրական ցիկլում խորհրդարանական տեղերի և նախագահական պաշտոնի համար, եթե, իհարկե, սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանին չհաջողվի այդ պաշտոնը վերածել «անգլիական թագուհու» կարգավիճակի: Սակայն, իհարկե, հարցական է նաև այն, թե ինչքանով է Սերժ Սարգսյանն իրապես հակված այդ տարբերակին, և արդյո՞ք դա ավելի շատ խայծ չէր որոշակի գործողություններ և զարգացումներ արագացնելու և այսպես ասած՝ մրցակիցներին բացվել ստիպելու համար:
Խնդիրը միայն այն չէ, որ Սարգսյանն արտահայտվել է գործող կիսանախագահական և խորհրդարանական համակարգերի համադրված տարբերակի օգտին, այսինքն՝ մի քիչ-մի քիչ տարբերակի: Սարգսյանի համար, մեծ հաշվով, առավել նվազ ռիսկային է հենց այդ տարբերակն ընդհանրապես, քանի որ անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ, և այս դեպքում պահպանելով իշխանության հակակշիռները՝ Սերժ Սարգսյանն իրեն և՛ նահանջի տեղ է թողնում, և՛ ցանկության դեպքում քաղաքական խաղը շարունակելու՝ թեկուզ ոչ նախագահի կարգավիճակով: Բոլոր դեպքերում, սահմանադրական փոփոխություններն այստեղ, իհարկե, ունենալու են միջանկյալ նշանակություն, և ըստ էության ավելի շատ դրանց ընթացքը պայմանավորված է լինելու ներիշխանական զարգացումներով, քան հակառակը:
Սահմանադրական փոփոխությունների ճակատագրի համար էլ առանցքային նշանակություն կունենա այն, թե ինչ թիմեր կամ ինչ բևեռներ են ձևավորվելու առաջիկա ընտրական պայքարի համար: Ըստ որում՝ այստեղ, իհարկե, զարգացումները կլինեն բազմաշերտ՝ պայքար ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, այսինքն՝ ՀՀԿ խմբակցության մեծամասնության համար, և պայքար ընդհանրապես խորհրդարանական քարտեզի, մանդատների ամբողջական հարաբերակցության համար: Խնդիրն այն է, որ ներիշխանական պայքարի հավանական բևեռները ներառում են ներՀՀԿ-ական տարբեր շրջանակներ և այս տեսանկյունից իհարկե ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում ինքնին հանդիսանալու է պայքարի թատերաբեմ կուսակցության տարբեր խմբավորումների միջև:
ՀՀԿ-ն, ըստ էության, ոչ թե կուսակցություն է, այլ իշխող համակարգի մի յուրօրինակ «վերին պալատ», որտեղ ներկայացուցիչներ ունի և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որտեղ իր շահերն ունի և՛ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և՛ իրենց շահերն են հետապնդում վարչահրամայական և կապիտալ հիմքերով ներկայումս Ռուսաստանից «սերող» Կարապետյանները՝ «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որի եղբայր Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում է:
Այս պայմաններում Սերժ Սարգսյանի համար ռիսկային է դառնում նախագահական պաշտոնի լուծարումը, քանի որ այս պաշտոնն, ըստ էության, նրա համար դառնում է նաև այն խայծը, որով կփորձի ցանցի մեջ պահել ոչ մոնոլիտ ՀՀԿ-ն ամբողջությամբ՝ ՀՀԿ համար ստեղծելով, այսպես ասած, արտաքին վտանգի ռիսկեր: Այդ հաշվարկներն իրականացնելու համար իշխանական համակարգի և՛ ՀՀԿ-ական, և՛ արտաՀՀԿ-ական սեգմենտների հստակեցումը ելակետային խնդիր է Սերժ Սարգսյանի համար և միաժամանակ նաև իշխանական հավակնություն ունեցող մյուս սուբյեկտների համար էլ, որոնք իրենք էլ ունեն սեփական հաշվարկները կառուցելու անհրաժեշտություն, ինչը հնարավորինս ճշգրիտ կատարելու համար նրանք կարիք ունեն առավելագույնս պատկերացնել Սերժ Սարգսյանի մտադրություններն ու ռեսուրսները:
Միով բանիվ, իշխանական համակարգում հասունացել է խնդիրը, թե ով ում հետ է և ում դեմ առաջիկա ընտրական փուլում, և այս տեսանկյունից անորոշությունը սկսել է խանգարել բոլորին:







































