Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ քաղաքացի Արտակ Խաչատրյանին բռնության ենթարկելու առթիվ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված տարբերակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացի Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժանաբար ծեծի ենթարկելու երևույթը ու շուտափույթ ապաքինում է ցանկանում նրան: Մեր առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող մեր հայրենակիցներն այլևս պետք է ճանաչեն սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմի ու նրա հետ գործակցող պաշտոնական ընդդիմության իրական դեմքը և մերժեն նրանց քաղաքական խաղերն ու միասնության կեղծ կարգախոսները:
Գաղութացված երկրում կարող է լինել միայն ազգային-ազատագրական պայքար: Բնականաբար՝ նման երկրում հնարավոր չէ վարել միջկուսակցական բնույթի ներքաղաքական պայքար, առավել ևս՝ չի կարելի առանց ազգային շահերի դեմ գործելու միասնության ձգտել յուրային ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկող ռեժիմի և նրա ենթակայությամբ գործող կուսակցապետերի հետ: Ռեժիմի և նրա հետ գործակցող քաղաքական վերնախավի ներկայացուցիչները գիտակցաբար՝ իրենց կամքով ու ցանկությամբ, հրաժարվել են ազգային ճակատագրից ու շահերից և գործում են դրանց դեմ, ինչի հետևանքով վերածվել են հակառակորդի:
Կոչ ենք անում այդ հակառակորդի ու նրա օտար տերերի մշակած՝ Մեծ Եղեռնի 100-ամյակը մեր պետականության թաղման յուրօրինակ ծիսակատարության վերածող ծրագրին մասնակցելու փոխարեն համախմբվել ազգային-ազատագրական շարժման դրոշի ներքո, հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին, երկիրը մաքրել նրա հետ նույն կառքին լծված դեկորատիվ քաղաքական ուժերից ու ներքին տականքից և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների միջոցով ազգային շահերով առաջնորդվող նոր քաղաքական ընտրախավի ձևավորման գործին:









































