Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ մոտ 180 ավստրալացիներ պայքարում են Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման շարքերում կամ աջակցում նրանց՝ գտնվելով ավստրալական մայրցամաքում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Բիշոփը կոչ է արել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ստեղծել ավելի լայնամասշտաբ միջազգային կոալիցիա՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
«Ես ենթադրում եմ, որ պետք է ստեղծվի կոալիցիա, այս անգամ և ինչպես միշտ՝ ԱՄՆ գլխավորությամբ, բայց դրա մեջ պետք է մտնեն երկրներ՝ պատրաստ բարձրացնելու և ընդունելու իրենց բաժինը, որպեսզի կանգնեցնեն այն սարսափելի մարտահրավերը, որի առջև մենք՝ պետություններս, այժմ կանգնած ենք»,- ասել է նախարարը:
Նշենք, որ մոտ 600 ավստրալացի զինծառայողներ են մասնակցում ԴԱԻՇ-ի վրա օդային հարձակումներին և աջակցում Իրաքի անվտանգության ուժերին:








































