«Գոլդեն Փելես Ծաղկաձոր» հյուրանոցում շարունակվում է երեկվանից մեկնարկած՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովը:
Մասնակիցներն առանձնահատուկ գոհունակություն հայտնեցին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ բարձր ընդունելություն կազմակերպելու համար, և ընդգծեց, որ հայերը շատ հյուրասեր ազգ են: Նա համամիտ էր իր հայ ընկերներից մեկի արտահայտած հետևյալ մտքի հետ. «Հայերը նավթ չունեն, բայց փոխարենը հպարտություն ունեն»:
Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզի մասնավոր հարկադիր կատարողների շրջանային վարչության նախագահ Նեսիբելի Բասենովան ևս իր ելույթի սկզբում ընդգծեց, որ նմանատիպ ընդունելության դեռևս ոչ մի երկրում չի արժանացել: Նա միևնույն ժամանակ ավելացրեց, որ ի տարբերություն այլ երկրների ներկայացուցիչների՝ ծանոթ է հայերին, որովհետև եռահարկ շենքի առաջին և երրորդ հարկի իր հարևանները հայեր են. «Ես չգիտեմ, թե ինչպես եմ բնութագրելու այն դրական տպավորությունները և ընդունելությունը, որն այստեղ տեսա»,- ասաց նա:








































