Երեկ լեգենդար դերասանուհի Բրիջիդ Բարդոն դարձավ 80 տարեկան, և նա համաձայնել է հարցազրույց տալ VOGUE ամսագրին:
Անցել է գրեթե 40 տարի, ինչ մոլորակի ամենագեղեցիկ կինը լքել է էկրաններն ու իր սեքսուալությունը թաքցրել Միջերկրական ծովի ափին գտնվող ձկնորսական տնակում: Հենց Սեն-Տրոպեից Բարդոն սկսեց պայքարել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ, ինչին էլ նա որոշեց նվիրաբերել իր կյանքը:

Երբեմն նա հայտնվում է մամուլում, որպեսզի հասարակության աջակցությունը գտնի այն գործում, որով զբաղվում է: Բարդոն ներկայում վարում է բավական փակ կենսակերպ՝ բնակվելով էվկալիպտներով, կակտուսներով ու եղեգնի թփերով ծածկված տանը՝ շրջապատված շներով ու կատուներով, Ժիտան անուով ձիու, փոքրիկ Բոն անունով թութակի ու իր սագերի հետ: Ահա այսօր այսպիսին է հանրությանը ներկայանում Բարդոն:

Դերասանուհին այլևս հյուրեր չի ընդունում, սակայն համաձայնել է զրուցել Vogue Hommes International-ի լրագրողի հետ:

Ստորև ներկայացնում ենք Բրիջիդ Բարդոյի և Օլիվիե Լալանի զրույցը:
– Ալլո, Օլիվիե, Բարդոն է: Հարմա՞ր է խոսել:
– Հարմար է, շնորհակալություն, Բրիջիդ: Ես կարո՞ղ եմ Ձեզ այդպես անվանել:
– Բնականաբար, իսկ ուրիշ ինչպե՞ս Դուք կարող էիք ինձ անվանել:

– Անգամ չգիտեմ… մադումազել Բարդո՞:
– Օ, իհարկե՝ ոչ: Ինչ հիմարություն:
– … Միլիոնավոր տղամարդկանց համար Դուք մեծատառով Կին էիք: Կին, որը տղամարդկանց խենթացնում էր և հիացնում:
– Դուք գիտեք, որ հիմա ես իմ ամբողջ ժամանակը նվիրում եմ կենդանիներին: Ես այլևս հիացմունք չեմ առաջացնում:

– Այդպես միայն Դուք եք կարծում:
– Որովհետև ես դրան անկեղծորեն հավատում եմ: Ես ինձ չափազանց լավ գիտեմ՝ ինձ սիրելու համար: Իսկ ընդհանրապես՝ ես ձգտում եմ խուսափել այն ամենից, ինչ ինձ է նվիրված, բացարձակապես ամեն ինչից:

– Ես կցանկանայի խոսակցությունն սկսել կինոյից:
– Օ, ինչպիսի ձանձրույթ: Տարիներ են անցել այն ժամանակից, ինչ ես կինոյի հետ կապ ունեի, ու այն ժամանակից, ինչ ես դադարեցրի բոլոր նկարահանումները:
– Խոստանում եմ, որ հետո մենք կխոսենք այլ բանի մասին:
– Ես ձեզ լսում եմ:

– Երբ Կաննի վերջին կինոփառատոնում Ժան Լուի Տրենտինյանի հետ, որին դուք թողեցիք…
– Ես նրան չեմ թողել, ես նրան պաշտում էի:

– Ժան Լուի Տրենտինյանին, որին դուք պաշտում էիք, իսկական հեղափոխություն արեց Կրուազետ լողափում՝ շնորհիվ Միխայել Հանեկեի «Սերը» ֆիլմի: Նա, ինչպես և Դուք, ապրում եք ստվերում ու կինոարդյունաբերությունից դուրս, հանկարծ ներկայացրեց սուր ներկայացում: Տարեց մարդը դա արեց՝ անտեսելով հիվանդությունը, մահը, մոռացումը: Ձեզ դա չոգեշնչե՞ց:
– Դա համարձակ էր: Ու նրա կերպարը հիասքանչ էր: Աստված գիտի, թե դա ինչպես կդիտվեր, եթե նա լիներ նաև ֆիզիկապես գեղեցիկ…
Փայլուն կարիերայի ավարտից հետո նա արիություն ունեցավ վերադառնալու և խաղալու իր տարիքի կերպար: Դա այնքան էլ հեշտ չէ դերասանի համար: Դերասանները ցանկանում են միշտ երիտասարդ երևալ, իսկ Ժան-Լուին դրա մասին հոգ չտարավ: Նա բացառություն է, հազվադեպ դեպք: Այո, կարծում եմ՝ դա հիանալի էր, ահա և ամենը:
– Երբ դուք տեսաք, թե որքան ջերմ նրան ընդունեցին քննադատները, դա Ձեր մեջ կինո վերադառնալու ցանկություն չառաջացրե՞ց:
– Իհարկե՝ ոչ; Ես թողել եմ կինոն, երբ 38 տարեկան էի, քանի որ դրա համար ես իմ պատճառներն ունեի: Ես դա չեմ արել նրա համար, որ վերադառնամ 77 տարեկանում:

– Հաջորդ տարի կլրանա 40 տարին, ինչ Դուք թողեցիք հրապարակային կյանքը: Դուք հիշո՞ւմ եք այդ պահը՝ ե՞րբ որոշեցիք դա անել:
– Միանգամայն հստակ եմ հիշում: Դա եղել է Նինա Կոմպանեզի ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մի անգամ ես տեսա տարեց կնոջ, որը պարանով այծի էր տանում: Ես կարծես մոտեցա նրան, որ շոյեմ կենդանուն, ապա կինն ասաց, որ հուսով է՝ մենք այդ տեսարանը այսօր երեկոյան կավարտենք, քանի որ հաջորդ կիրակի այդ փոքրիկ այծը պետք է իր փոքր որդու տոնի խորովածը դառնա:
Ես տհաճ կերպով զարմացել էի ու գնեցի այդ այծը: Ապա նրան բերեցի իմ թրեյլեր, իսկ երեկոյան վերադարձա նրա հետ Սառլատի իմ հինգաստղանի հյուրանոց: Եթե ինձ դա անել չթույլատրեին, ես կգիշերեի այծի հետ դրսում: Ոչ ոք չհամարձակվեց ինձ ոչինչ ասել: Այնպես որ՝ ես քնեցի նրա ու փոքր շան հետ:
– Սակայն ինչպե՞ս կարող է այդ այծը դառնալ կինոէկրանի ամենամեծ աստղի կարիերայի ավարտի պատճառ:
– Ես միշտ էլ սիրել եմ ու պաշտպանել կենդանիներին: Երբ փոքր էի, միշտ ուզւմ էի ապրել ֆերմայում: Այծի հետ դեպքը իմ մեջ զայրույթ առաջացրեց այն բանի հանդեպ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում կենդանիներին: Ինչպե՞ս էր հնարավոր ուտել այդ սիրունիկ փոքրիկին: Բացի այդ՝ ես նայեցի իմ զգեստապահարանի հայելուն ու տեսա ինձ՝ միջնադարյան այդ գլխանոցով, այդ դարաշրջանի զգեստներով, որոնք արդեն հնարավորչէր ամբողջությամբ կարգի բերել: Ես ինձ հարցրի՝ ինչո՞ւ թքած չունենամ այն բանի վրա, թե ինչ տեսք ունեմ, ու որքա՞ն կարող եմ հայտնվել կինոյում: Հենց այդ ժամանակ էլ ցանկացա ամեն ինչ թողնել, այդ այծը պարզապես կատալիզատոր էր:

Հենց այդ ժամանակ ես ընթրիքին նկարահանող խմբին հայտարարեցի, որ այդ ֆիլմն ինձ համար կդառնա վերջինը: Սեղանի շուրջ «Երեկոյան Ֆրանսիայի» լրագրողներն էին: Նրանք մտածեցին՝ ես չափից շատ եմ խմել: Նրանք երևի մտածում էին՝ ես չեմ հասկանում, թե ինչ եմ խոսում: Բայց դա վերջն էր: Գեղեցիկ ու լավ ավարտ:







































