Գյումրիում «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հնարավոր է` արտագաղթի: Այսօր այդ մասին Ա. Զաքարյանն ինքը հայտնեց «Առաջին լրատվական»-ին, երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով տեղի ունենալիք ընտրությունների մասին:
Ա. Զաքարյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ով է առաջադրվում կամ ընտրվում: Նա ասաց, թե առժամանակ դուրս է եկել քաղաքականությունից, և չի բացառվում, որ ընդհանրապես չվերադառնա: Նա նաև տեղեկացրեց, որ այժմ փաստաթղթեր է նախապատրաստում` Եվրոպական դատարանում իր դատավճիռը բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ Ա. Զաքարյանը 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացների արդյունքում դատապարտված գործիչներից է: Նա կալանավորվել և 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով:
– Պարոն Զաքարյան, եթե դուրս եք գալիս քաղաքականությունից, այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու` աշխատանքի՞ եք անցնելու, թե՞ տնտեսական գործունեությամբ եք զբաղվելու:
– Ժամանակը ցույց կտա: Չեմ բացառում ոչ մի տարբերակ:
– Հիասթափվե՞լ եք քաղաքական գործունեությունից:
– Չէի ասի, թե դա հիասթափության հետևանք է, դա այսօրվա իրականությունն է: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ նոր իրավիճակ ստեղծվի, որի արդյունքում փորձեմ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործունեության մեջ, բայց այս պահին գտնում եմ, որ դա անիմաստ է ինձ համար:
– Ինչո՞ւ:
– Ցանկություն չկա: Իսկ Հայաստանում քաղաքականություն կա՞, որ զբաղվենք: Ես չեմ ոզում այդպես զբաղվել: Եթե Հայաստանում դասական առումով քաղաքականություն լիներ, միգուցե մեծ հաճույքով զբաղվեի:
– Իսկ «Հանրապետություն» կուսակցության դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք համագումարին չե՞ք մասնակցելու:
– Եթե Հայաստանում լինեմ, կմասնակցեմ:
–Հնարավո՞ր է արտագաղթեք:
-Հնարավոր է
– Իսկ որտե՞ղ եք արտագաղթելու` Եվրոպա, Ամերիկա, թե՞ Ռուսաստան:
– Դեռ չեմ որոշել:
– Հնարավո՞ր է` ընդմիշտ արտագաղթեք:
– Հնարավոր է, չեմ բացառում:








































