Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Հունաստանն ատոմակայան կառուցելուց հրաժարվելու խնդրանքով դիմել է Թուրքիային: Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն անձամբ զանգահարել է իր թուրք գործընկեր Էրդողանին և դժգոհություն հայտնել Թուրքիայի միջուկային պլանների կապակցությամբ:
Հունական իշխանություններն այդ քայլին են գնացել` հաշվի առնելով Ճապոնիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նրանց կարծիքով, այս խնդրին պետք է միջամտի ԵՄ-ը` ստիպելով Անկարային հրաժարվել միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում առաջին ատոմակայանի կառուցման նախագծից:
Նշվում է, որ Կիպրոսը նույնպես դեմ է Աքքույուի ատոմակայանի կառուցմանը, քանի որ այն շատ մոտ է գտնվելու Կիպրոսին, ինչը նշանակում է, որ ռադիացիոն արտահոսքի դեպքում դա կարող է արագորեն հասնել Կիպրոս:
Բացի այդ, կիպրական կողմը մտավախություն է հայտնում, որ Թուրքիայի միջուկային ծրագիրը չի կրում խաղաղ բնույթ և առաջիկայում Թուրքիան մտադիր է ստեղծել միջուկային զենք:







































