Իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ իր խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության տեսքով արձագանքել է խորհրդարանական կառավարման վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի նախաձեռնությանը: ՀՀԿ արձագանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին` ԲՀԿ միջոցով իշխանության գալու փորձերի համար:
Բանն այն է, որ ԲՀԿ նախաձեռնությունից հետո անգամ քաղաքագիտական, փորձագիտական, վերլուծական և լրագրողական շրջանակները քիչ էին համարձակվում ԲՀԿ նախաձեռնությունն այդքան համարձակորեն վերագրել երկրորդ նախագահին, և այդ իմաստով ՀՀԿ-ն այս դեպքում իսկապես զարմացրեց իր անկեղծությամբ և այսպես ասած` թափանցիկությամբ, Քոչարյանին ուղղված ակնարկի իմաստով: Սակայն այստեղ հետաքրքրական պահն այն է, որ այդքան թափանցիկ ակնարկով հանդերձ, Քոչարյանի անունը չի տրվում, ինչով երկրորդ նախագահին դնում են բավականին անելանելի դրության մեջ: Եթե նա արձագանքի ՀՀԿ արձագանքին, ապա կստացվի, որ այսպես ասած` «մատնում» է իրեն, իսկ ՀՀԿ-ն կասի, թե ինքն ամենևին նկատի չուներ Քոչարյանին, բայց Քոչարյանը խոստովանությամբ հանդես եկավ` չդիմանալով առերեսմանը: Իսկ եթե Քոչարյանը չարձագանքի, կստացվի, որ կուլ է տվել ՀՀԿ-ի այդ բավական սուր և խիստ պատասխանը:
Այս ամենով հանդերձ, փաստը, որ ՀՀԿ-ն նման գրոհային ձևով է արձագանքում «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը և գրոհում ոչ թե ԲՀԿ-ի, այլ անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանի դիրքերի ուղղությամբ, իսկապես հետաքրքիր է: Սա կարելի է համարել նաև պատասխան` այն իմաստով, որ անգամ խորհրդարանական կառավարման դեպքում Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կիսել իշխանությունը «Բարգավաճ Հայաստանի» կամ Ռոբերտ Քոչարյանի հետ և այն պահելու է ամբողջությամբ իր ձեռքում: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը մերժում է կառավարման մոդելի շուրջ քննարկումների ծածկույթով իշխանությունը կիսելու առաջարկը, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստանը»: Սերժ Սարգսյանը պահանջում է ԲՀԿ-ից կամ հպատակություն, կամ պարզապես անուղղակիորեն վերահաստատում այդ քաղաքական ուժը ասպարեզից աստիճանաբար չեզոքացնելու իր ռազմավարական շահերը, որոնք կփորձի իրագործել նախագահական ընտրություններից հետո:
Սերժ Սարգսյանի այս ռեակցիան հուշում է նաև, որ նա շատ լավ է հասկացել, որ ԲՀԿ-ի խորհրդարանական կառավարման նախաձեռնության նպատակը բացարձակապես քաղաքական ուժերի կոնսոլիդացիան չէ, այլ ընդամենը դրա հեռանկարի վրա կառուցված շանտաժի միջոցով Սերժ Սարգսյանին կոմպրոմիս պարտադրելը: Սարգսյանն էլ, ահա, փորձում է ԲՀԿ-ին ու Ռոբերտ Քոչարյանին մերժել միանգամից, ոչ մի քայլ առաջ չթողնելով, քան նրանց ներկայիս դիրքերը: Ամենայն հավանականությամբ Սարգսյանը Քոչարյանի և ԲՀԿ համար դա համարում է առավելագույն հեռավորությունը, երբ նա իրեն կարող է զգալ անվտանգ և ինքնավստահ, և որ դրանից ավելի առաջ թողնելու դեպքում կարող է բաց թողնել իրավիճակի թելերը անդառնալիորեն:
«Բարգավաճ Հայաստանն» արդեն իսկ պատասխանել է, որ նախաձեռնությունը բացառապես ԲՀԿ-ինն է, սակայն բնական է, որ այլ պատասխան չէր էլ կարող լինել ԲՀԿ-ից: Մինչդեռ էականը տվյալ պարագայում այն է, թե ինչ պատասխան է լինելու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, և լինելո՞ւ է արդյոք պատասխան ընդհանրապես, ու նաև ի՞նչ դեր կունենա այդտեղ Սիմբա շունը:








































