Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այնքան են տարվել «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման հոդվածը հիմնավորելով ու Հանթսմանի փողերը հաշվելով, որ «աչքաթող են արել» «փողերի լվացման» ավելի ակնառու դեպքեր, որոնք տեղի են ունենում հենց իրենց քթի տակ: «Հրապարակ»-ի ձեռքի տակ են փաստաթղթեր, որոնցից պարզ երևում է, որ գործ ունենք փողերի լվացման դասական օրինակի հետ:
«Ռ.Թ.» ԱՊԸ-ն (ընկերության և բանկի անվանումները գրում ենք հապավումով` պահպանելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջը), որի կանոնադրական կապիտալը կազմում է 10 միլիոն դրամ, այսինքն` 25 հազար դոլար, բանկից 3 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար վարկ է վերցրել, գրավադրելով ընդամենը իրեն պատկանող ռեստորանային համալիրը, որի շուկայական արժեքը չի գերազանցում 500 հազար ԱՄՆ դոլարը: Այդ գումարից ընկերությունն ավելի քանի 1 միլիարդ ՀՀ դրամը փոխանցել է «Բ-ս» ընկերությանը` իրեն պատկանող ռեստորանը գրավից հանելու համար, իսկ 245 հազար 520 ԱՄՆ դոլարով գնել է մեկ այլ` «Դ-ս» ընկերության 57 տոկոս բաժնետոմսերը: Ուշագրավն այն է, որ «Դ-ս» ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է ընդամենը 40 հազար ՀՀ դրամ, և այն որևէ գործունեություն չի իրականացնում: Այսինքն` «Ռ.Թ.» ընկերությունը 250 հազար ԱՄՆ դոլարով գնել է 40 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության 57 տոկոս բաժնետոմսերը, այն դեպքում, երբ այդ բաժնետոմսերի համար պետք է վճարեր ընդամենը 25 հազար ՀՀ դրամ: Սա ի՞նչ է, եթե ոչ փողերի լվացման դասական օրինակ, որը, չգիտես ինչու, աննկատ է մնացել բոլորի աչքից:
Ակնհայտ է, որ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց X բանկի համաձայնության: Բանկը, որը 3 միլիոն 800 հազար դոլար տրամադրելու դեպքում պետք է որպես գրավ վերցներ առնվազն 5 միլիոն դոլար շուկայական արժեք ունեցող անշարժ գույք, վերցնում է ընդամենը «Ռ.Թ.» ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրը և նույն վարկի միջոցով գնված ու «Դ-ս»-ին պատկանող ընդամենը 200 միլիոն գնահատված անշարժ գույքը: Այսինքն բանկը, ձեռքի տակ ունենալով բոլոր փաստաթղթերը, ընկերության պայմանագրերը, որտեղից հստակ երևում է ընկերության կանոնադրական կապիտալը և նրան պատկանող կամ նրա կողմից գնվող անշարժ գույքի շուկայական արժեքը, որը միասին չի գերազանցել 400 միլիոն ՀՀ դրամը, որոշում է տվյալ կազմակերպությանը տրամադրել ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ (3 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար) գումար:
Զուգահեռներ անցկացնելով Օսկանյանի գործի հետ, որտեղ խոսքը գնում է 181 հազարի մասին, որը Հանթսմանի կողմից փոխանցվել էր բարեգործական նպատակների համար, սակայն Օսկանյանն այն իբր թողել էր իր հաշվի վրա և օգտագործել անձնական նպատակներով, ապա այստեղ, եթե հանգամանալից ստուգումներ իրականացվեն, գուցե ավելի աղաղակող թվեր ի հայտ գան: Գուցե պարզվի, թե ինչու են 25 հազար դրամանոց ապրանքի համար վճարել 250 հազար ԱՄՆ դոլար: Եվ ինչ «կեղտոտ» փողերի լվացք է այստեղ իրականացվել: Այնպես որ, այս դեպքից ևս տպավորություն է ստեղծվում, որ ուրիշի գումարները հաշվելն ու բանկային հոսքերը հսկողության տակ պահելը միայն Հանթսմանի ու Օսկանյանի դեպքում է գործել, քաղաքականապես նպատակադրված, քանի որ դրանից կարելի էր մեծ քաղաքական շոու սարքել, իսկ ինչ-որ անհայտ մեկի դեպքում, որն ավելի մեծ ու կասկածելի գումարների հետ է գործ ունեցել, մնացել է աննկատ:









































