Գեղեցկության ազգային մրցույթների միանգամից երկու հաղթողներ զրկվել են գեղեցկության տիտղոսից: Գեղեցկության թագը վերցրել են Հնդկաստանի և Սերբիայի գեղեցկության թագուհիներից: Այս միջադեպի հետ կապված` փոփոխություններ կմտցվեն «Միսս տիեզերք-2012» և «Միսս աշխարհ-2013» մրցույթների մասնակիցների ցուցակում: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:
«Միսս տիեզերք-Հնդկաստան» մրցույթի հաղթող Ուրվաշի Ռաուտելան թագից զրկվել է այն պատճառով, որ թաքցրել է իրական տարիքը: Պարզվել է, որ ազգային մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելիս նրա 18 տարին լրացած չի եղել, ինչը մրցույթի կանոններին հակասում է:Նրա փոխարեն «Միսս տիեզերք-2012» մրցույթում, որը տեղի կունենա դեկտեմբերին` Լաս Վեգասում, Հնդկաստանը կներկայացնի Շիլպա Սինգհը:
Թագից զրկվել է նաև Նիկոլինե Բոժիչը, որը հոկտեմբերի 6-ին դարձել է «Միսս Սերբիա» մրցույթի հաղթող: Պարզվել է, որ «միսս Բոժիչը» իրականում «միսիս Դանկևիչ» է: Նա ամուսնացած է կանադացի թենիսիստ Ֆրանկ Դանկևիչի հետ և պետք է Սերբիան ներկայացներ «Միսս աշխարհ-2013» մրցույթում: Նրան կփոխարինի Ալեքսանդրա Դոկնիչը:








































