Սեպտեմբրեի 20-ին Դիլիջանում 78 ընտանիքների գումարներ են բաժանվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու, Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանը: Թեկնածուի տեղեկացմամբ՝ քաղաքի ավագանին ինչ-որ որոշում է կայացրել, որի հիման վրա էլ վերոնշյալ ընտանիքներին գումարներ են բաժանվել: Գուրգեն Հարությունյանը դա որպես ընտրակաշառք է որակում: «Չափի մասին հստակ չգիտեմ՝ մեկին 10, մեկին 20 հազար դրամ բաժանեցին: «Հայաթի» ջահելներին 50 հազար են տվել, թե՝ կգնաք կխմեք, մատաղ կանեք, եսիմ ինչ կանեք: Էդ կարգի բաներ»,- տեղեկացրեց Գուրգեն Հարությունյանը: Նա նաև նշեց, որ այսօր Դիլիջանում ՏԻՄ ընտրություններն անցնում են ինչպես հայաստանյան մյուս ընտրությունները:
«Ընտրատեղամասեր կան, որ օգնողները շատացել են»,- ընդգծեց թեկնածուն:
Ի պատասխան՝ Դիլիջանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ավագանին նման որոշում չի կայացրել: «Գումար չի բաժանվել, նման բան չկա, հերյուրանքներ են»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ Դիլիջանում ընտրություններն անցնում են նորմալ:








































