Եմենի ոստիկանությունն այսօր ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք պատրաստվում էին հարձակում գործել Սանայում ամերիկյան դեսպանատան վրա:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ոստիկանները նաև մի քանի անգամ նախազգուշական կրակոց են արձակել օդ:
Ուրբաթ առավոտյան Եմենի ոստիկանությունը և բանակային ստորաբաժանումները փակել էին մայրաքաղաքի՝ դեպի ԱՄՆ դեսպանատուն տանող փողոցները: Սակայն դա չօգնեց կանխել զայրացած ցուցարարների ակցիան: Հավաքվածները բացականչում են՝ «Դեսպան, այսօր քո վերջին օրն է», «Ամերիկան սատանա է» և նման կարգախոսներ:
Երեկ Եմենում ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 34-ը վիրավորվել են:
Այս օրերին մի շարք մուսուլմանական երկրներում ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպանատների մոտ՝ որպես բողոք ընդդեմ ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որն ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց մարգարեին: Ակցիաների արդյունքում Լիբիայի Բենղազի քաղաքում սպանվել են այդ երկրում ԱՄՆ դեսպանը և դեսպանատան ևս 3 աշխատակիցներ:








































