Այսօր սեպտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 24 շենքի 5-րդ հարկի պատշգամբում երիտասարդ մի տղա փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպեր-գծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ 1-03 ծառայության 07 բրիգադը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ երիտասարդը Սարի թաղի բնակիչ է, անունը` Գրիգոր: Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ սա նրա կողմից ինքնասպանության փորձ կատարելու 4-րդ դեպքն է: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձել են բանակցություններով համոզել նրան, որպեսզի հրաժարվի ինքնասպանության մտքից:
Գ. Շամշյանը հայտնել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության և Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները կանխել են երիտասարդի ինքնասպանության փորձը՝ նրան տեղափոխել են Ոստիկանության Էրեբունու բաժին:







































