ԵԱՀԿ ղեկավարի` ձգձգվող հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ղարաբաղյան հարցով առաջընթացի բացակայությունը խթան է այդ ուղղությամբ լիտվական նախագահության ընթացքում ակտիվ աշխատելու համար,- հաղորդում է Trend-ը:
«Մինսկի խումբը լավ գործիք է, սակայն ամենալավ գործիքն էլ հնարավոր է կատարելագործել: Չի բավարարում կողմերի մոտ քաղաքական կամքը, և մենք հույս ունենք արթնացնել այդ կամքը: Մինսկի խումբը ունակ է դրան, և նրանք կարող են առաջընթաց ունենալ քաղաքական բարեհաճ պայմաններում»,- ասել է Չեկուոլիսը:
Նա երկօրյա այցով Բաքվում է գտնվում է ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարտին կայանալիք այցի նախապատրաստության նպատակով:
«Իմ այցի նպատակն է ավելի լավ ուսումնասիրել կողմերի կարծիքները Բաքվում և Երևանում: Դուք` կողմերդ, ծխացող հակամարտության լավագույն գիտակներն եք: Ձեր տեղեկացվածությամբ ու քաղաքական կամքով և ԵԱՀԿ աջակցությամբ հնարավոր է գտնել կարգավորման ուղին»,- հայտարարել է Չեկուոլիսը:
Նա նաև ցանկություն է հայտնել ավելի ակտիվ կապեր տեսնել հայ և ադրբեջանական հասարակական շրջանակների միջև: «Դա լայն սպեկտր է տալիս և դրամատիկ չի դարձնում իրավիճակը: ԵԱՀԿ բոլոր հասարակությունների միջև երկխոսություն կա, և հնարավոր է՝ արդյունքում պարզվի, որ գայլն այնքան վախենալի չէ, որքան նրա մասին խոսում են»,- կարծում է Չեկուոլիսը:
«ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության հենց սկզբից պայմանավորվել ենք, որ քննարկումները լինելու են բաց, հստակ և հնարավորտինս կոնկրետ: ԵԱՀԿ-ում 56 տարբեր պետություն կա, սակայն կա ընդհանուր հիմք գտնելու ձգտում, ինչում մեզ օգնում է ԵԱՀԿ ֆորմատը: Ես լավատես եմ: Եթե չհավատայի, որ հնարավոր է գոնե փոքր առաջընթաց արձանագրել, ապա ուղղակի չէի զբաղվի կոնֆլիկտներով»,- հայտարարել է Չեկուոլիսը:
Նա հերքել է այն մտայնությունը, թե Լիտվայի նախագահության ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը։








































