Զբաղվածության կենտրոններ դիմած ֆրանսիացի գործազուրկների թիվը 2012-ի հունիսին աճել է 23,7 հազարով` հասնելով 2,946 միլիոնի: Այս մասին տեղեկացնում է RBK-ն` հղում անելով հանրապետության աշխատանքի նախարարությանը: Նշվում է, որ գործազրկության աճը շարունակվում է 14 ամիս անընդմեջ:
Անցած ամսվա հետ համեմատած` աճը կազմել է 0,8%, տարեկան կտրվածքով ցուցանիշը հասնում է 7,8%-ի: Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել էր 1999 թվականի օգոստոսին:
Նշենք, որ ֆրանսիական վիճակագրական Insee գործակալության տվյալներով` երկրում գործազրկության մակարդակը 2012-ի առաջին եռամսյակում` 2011-ի 4-րդ եռամսյակի հետ համեմատած, աճել է 10 տոկոսով:








































