ՏԻՄ ընտրություններին ոչ մի արտառոց դեպք, ամենայն հավանականությամբ, չի գրանցվի, ընտրությունները կընթանան նորմալ հունով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Քանի դեռ կոնկրետ առաջադրումներ չկան, կառաջարկեի սպասել: Իսկ որ Գյումրիում Վարդան Ղուկասյանը չառաջադրվի, ոչ մի արտառոց բան չի լինի: Արտառոց բան կամ ինտրիգ չի կարելի փնտրել նաև, որ նույն Վարդան Ղուկասյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ: Ամառային այս տապին սենսացիաներ մի փնտրեք, քանի որ քաղաքական դաշտում չկա ծպտյալ ոչ մի գործընթաց»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր հերթին նկատեց, որ Վարդան Ղուկասյանը վարկաբեկված անձ է: «Կարծում եմ՝ հաջորդը Սամվել Ալեքսանյանի հերթն է, ով առայժմ իմաստնաբար լռում է»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանի խոսքով` Հայաստանում իրավիճակն այնքան վատ է, որ իշխանությունները, գիտակցելով դա, փորձում են արտագաղթի բումը կանխել փաստաթղթային մակարդակով՝ անձնագրային սեղաններում արհեստականորեն ձգձգելով մարդկանց ելքի արտոնագիր տալու գործընթացը:
«Ես կարծում եմ, որ փոփոխությունները չպետք է կոսմետիկ բնույթ կրեն: Եթե պատը ճաքած է, կոսմետիկ վերանորոգումն իրավիճակը չի փոխի»,- ասաց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը:









































