Բաշար Ասադին հավատարիմ զորքերը շարունակում են հարձակվել ընդդիմադիր գրոհայինների վրա, որոնք ներխուժել են Դամասկոս: Վերջին օրվա ընթացքում բանակը կարողացել է գրավել երկու քաղաքային արվարձան: Ապստամբները մեղադրում են զինվորներին բռնաճնշումների մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 4-րդ դիվիզիան` նախագահի եղբոր գլխավորությամբ, կարողացել է ազատագրել Բարզեխ քաղաքը, իսկ մյուս խմբավորումը գրավել է Մեզեխը, որտեղ մինչև պատերազմը դիվանագետներ էին ապրում: Բացի այդ, սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Սիրիայի սահմանի երկու կարևոր անցակետերից մեկը:
Ընդդիմությունը պնդում է, որ, ներխուժելով Դամասկոսի արվարձաններ, Ասադի գործակալները սկսել են գնդակահարել անզեն մարդկանց` իբր թե ապստամբներին աջակցելու պատճառով:
Ինչպես հաճախ է պատահում` այս տեղեկությունը հաստատել կամ հերքել անհնար է:
Ընդ որում, հենց իրենք` ընդդիմադիրները, մարդասիրությամբ աչքի չեն ընկնում: Նրանց այսօր հաջողվել է գրավել Հալեպի հյուսիսում տեղակայված ռազմական ուսումնարանը: Այնտեղ գտնվող բոլոր սպաները մահապատժի են ենթարկվել:







































