Ավստրիական ամրոցի մառանում պատմաբանները հայտնաբերել են ներքնազգեստ, որը, նրանց կարծիքով, կանացի ներքնազգեստի նախատիպ է: Մասնագետները այն թվագրում են 15-րդ դարին` ավելի վաղ, քան կանանց ներքնազգեստի ենթադրյալ գոյությունը:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ կրծկալը հայտնաբերվել է Արևելյան Տիրոլում տեղակայված Lengberg Castle-ի մառանում: Հայտնագործությունն արվել է վերականգնման աշխատանքների ժամանակ: Որքան էլ զարմանալի է, այն ժամանակակից սթրինգ բիկինի է հիշեցնում:
Նախկինում կարծիք կար, որ միջնադարյան տղամարդիկ հագել են ներկայիս կարճ տաբատներ հիշեցնող ներքնազգեստ, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ կանացի շապիկ: Ենթադրվում էր, որ կանացի ներքնազգեստը ի հայտ է եկել 18-րդ դարի վերջին:
Լոնդոնի նորաձևության թանգարանի աշխատակիցների խոսքով՝ հայտնաբերվածը լիովին կարելի է համարել նորաձև: Ներքնազգեստի տարիքը ճշտել են ռադիոածխածնային թվագրման թեստի միջոցով:
Ենթադրվում է, որ ներքնազգեստը թաղվել է 1480 թվականին` շինության ձևափոխման ընթացքում, և եղանակային բացառիկ չոր պայմանների շնորհիվ է պահպանվել այն:












































