Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի երդման արարողությունը տեղի կունենա հուլիսի 20-ին: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում: Ավանդաբար երդման արարողությունը նախորդում է նորանշանակ դեսպանի ժամանմանը տվյալ երկիր:
ԱՄՆ Սենատը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր հունիսի 29-ին: Դրանից 10 օր առաջ էլ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան, իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:










































