Պատգամավորների առաջին գործողությունը պետք է լինի հասկանալը, թե ինչ է կատարվում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի շուրջ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ինչու է ՀՀ նախագահական ընտրություններից առաջ բարձրացվել գազի սակագնի վերանայման հարցը: Նրա կարծիքով, պետք է նախ պարզել, իսկապես թանկացել է կամ թանկանալու է, թե ոչ, ինչով է դա պայմանավորված և ինչու, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում այն գործողությունները, որոնց մասին երկար ժամանակ ասում են թե՛ ՀՅԴ-ն, թե՛ այլ ուժեր: Ա.Մինասյանը հիշեցրեց, որ անցած և նախանցած տարի հսկայական արշավ սկսվեց այս երևույթի դեմ, բայց այդպես էլ արդյունք չեղավ, որովհետև իշխանությունը որոշեց, որ այնուամենայնիվ գազի խնդիրն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական է:
«Մենք էլ քաղաքական լուծում ենք առաջարկում: Եթե քաղաքական է գազի հարցը, այդ դեպքում առնվազն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի մեջ գտնվող Հայաստանում չի կարող գազն ավելի թանկ վաճառվել, քան ՌԴ որևէ այլ բնակավայրում, որովհետև «ՀայՌուսգազարդ»-ի 80%-ը պատկանում է «Գազպրոմ»-ին, իսկ սա նշանակում է, որ, ըստ էության, ինքն իր դուստր կազմակերպության միջոցով իրացնում է իր ապրանքը, մատուցում է ծառայութուն: Եվ եթե ռազմավարական գործընկերներ ենք, քաղաքական մակարդակով ենք հարցադրում անում, այդ դեպքում չպետք է գինն ավելին լինի, քան ՌԴ որևէ այլ շրջանում: Իսկ եթե քաղաքական չէ, բայց այնուամենայնիվ, եթե ստրկատիրական քաղաքականություն վարելու փորձ է արվում, այդ դեպքում մենք պետք է խնդիր ձևակերպենք, որ այն գույքը, որ տվել ենք մենք, ինչո՞ւ չի աշխատում: Այսինքն՝ համարժեք պահանջ էլ մենք պետք է ձևակերպենք՝ այն գործարանները, որոնք հանձնված են ռուսական կառավարմանը, նրանք պետք է և պարտավոր են ստեղծել աշխատատեղեր, որպեսզի մեր քաղաքացին ունենա աշխատանք, ունենա եկամուտ և կարողանա այդ բարձր արժեքի դեպքում էլ մուծումներ կատարել: Մենք առաջարկել ենք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ համակարգային լուծումներ, բայց իշխանությունը համառորեն լռում է, և սա է պատճառներից մեկը, որ կարծում եմ մենք պետք է առաջիկայում առավել ակտիվորեն հանդես գանք այս հարցի լուծման գործընթացում»,- ասաց Ա.Մինասյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՌԴ այս քայլը կապված է ներկայում Հայաստանի եվրոպամետության հետ, Ա.Մինասյանը պատասխանեց, որ Ռուսաստանը երբեք իր ազդեցության գոտուց չի ուզում Հայաստանին դուրս թողնել, բայց այն գինով, որ ՀՀ-ն վճարում է, կարծում եմ, ամենևին չարժե այդ ազդեցության տակ կամ այդ գոտում գտնվել. «Ես կոչ չեմ անում ընդդեմ Ռուսաստանի ինչ-որ բան անել, բայց նաև մենք պետք է ինքներս կարողանանք մեզ ճիշտ արժևորել և դրան համապատասխան ճիշտ պահանջներ դնել ՌԴ առջև:
Մենք այսօր ունենք այդ հնարավորությունը: Կան առանձին ուժեր և առանձին գործիչներ, որոնք վախենում են այս մասին բարձրաձայնել և մտածում են՝ «Վայ, Ռուսաստանից մենք կկտրվենք և կհայտնվենք մի այնպիսի վիճակում, որ պարզապես մեր անվտանգությունը նվազագույնի կհասցվի»: Ես այդ տեսակետին չեմ: Հարկավոր է, որպեսզի ճիշտ հաշվարկենք մեր արժանիքներն էլ, առավելություններն էլ, թերություններն էլ, և դրանց համարժեք պահանջներ ձևակերպենք Ռուսաստանի առաջ:
ՌԴ-ն այսօր տարբեր մոտեցումներով ինքն է ձգտում դեպի Եվրոպա, բայց որքանո՞վ է դա համապատասխանում ռուսական մենթալիտետին, դժվար է ասել: Այսօր մենք հնարավորություն ունենք իրավիճակից օգտվելու, բայց պետք է իշխանությունները և արտաքին քաղաքականության կոնտեքստում մշակվելիք դոկտրինը այս հարցերին պատասխան տա»:









































