Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Եվրամիությանը վստահեցրել է, որ իր կառավարությունը կհարգի երկրի օրենքները: ԵՄ-ին անհանգստացրել էր այն շտապողականությունը, որով Ռումինիայում քայլեր են ձեռնարկվել նախագահ Տրայան Բեսեսկուին իշխանությունից հեռացնելու համար: Եվրախորհրդարանը կասկածներ ունի, որ նախագահին պաշտոնից հեռացնելը կարող է լինել ԵՄ իրավական նորմերի խախտում:
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո Պոնտան հայտարարել է, որ կառավարությունը կիրականացնի երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանի կողմից հանրաքվեի անցկացման պայմանների վերաբերյալ ընդունած որոշումը: Դատարանը սահմանադրական է ճանաչել նախագահի իմփիչմենթը, որը խորհրդարանը հայտարարել էր հուլիսի 6-ին: Բացի այդ, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատգամավորների ընդունած օրենքը, որը սահմանափակում է դատարանի իրավունքը` միջամտելու խորհրդարանի որոշմանը:
Եվրամիության իրավական հարցերով գերատեսչության ղեկավար Վիվիեն Ռեդինգը հայտարարել է, որ Ռումինիայում դատական իշխանության լիազորությունների սահմանափակման փորձերը կարող են հանգեցնել նրան, որ երկիրը դուրս մնա Շենգենյան գոտուց:
Ռումինիայի նախագահի իմփիչմենթի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի հուլիսի 29-ին:










































