Գերմանիան համաձայնել է մոտ 300 մլն դոլար փոխհատուցում վճարել 80 հազար հրեաների, որոնք պատերազմի տարիներին ապրել են ԽՍՀՄ տարածքում: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, նախկինում այդ մարդկանց մեծ մասը փոխհատուցում չէին ստացել ի տարբերություն արևմտյան և կենտրոնական Եվրոպայում ապրած հրեաների:
Պատերազմի տարիներին տուժածների անունից բանակցությունները վարել է Claims Conference կազմակերպությունը:
Գերմանական զորքերից փրկված հրեաներին կտրամադրվի 3150 դոլար միաժամանկյա փոխհատուցում: Այդ գումարը ստանալու դիմումը կարելի է ձևակերպել ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից: Պարբերականը գրում է, որ նախկինում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ կազմի մեջ չմտնող Արևելյան Եվրոպայի մյուս երկրների հրեաները զրկված էին նման հնարավորությունից:
Բացի այդ՝ Գերմանիան համաձանել է հավասարեցնել Արևելյան և Արևմտյան Եվրոպայի հրեաներին տրվող ամսական փոխհատուցման չափը: Այժմ նրանցից յուրաքանչյուրը ստանում է ամսական 370 դոլար:
Գերմանացիները նաև համաձայնել են նվազեցնել պահանջները փոխհատուցման թեկնածուների համար: Նախկինում օգնություն ստացողը պետք է նացիստներից առնվազն մեկ տարի թաքնված լիներ, այժմ դրա համար բավարար է նաև կես տարին:






































