Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները փաստացիորեն սկսել են Ադրբեջանի նկատմամբ կիրառել «Մագնիտսկու օրենքին» համանման մեխանիզմ, ինչը մասնավորապես վերաբերում է ադրբեջանցի մի շարք չինովնիկների: Այս մասին հայտնել են ադրբեջանական haggin.az գործակալության դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ գործընթացը սկսվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներից. «Արդեն իսկ որոշվել է վիզա չտրամադրել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ու ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցադրելու և նրանց կտտանքների ենթարկելու մեջ:
Դա ոչ պաշտոնական որոշում է և հանդիսանում է ադրբեջանական իշխանություններին հասցեագրած յուրօրինակ զգուշացում: Եվ եթե Ադրբեջանի կառավարությունը հաշվի չնստի Արևմուտքի խորհուրդների ու հրահանգների հետ, ապա «Մագնիտսկու օրենքը» ողջ ուժով կկիրառվի Ադրբեջանի դեմ»:
Նշվում է, որ անգամ հայտնի են իրավապահ մարմինների այն չինովնիկների անունները, որոնք մերժում են ստացել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներում:








































