Լոնդոնյան ամառային օլիմպիական խաղերի նախաշեմին բրիտանական The Telegraph-ը հարցազրույց է ունեցել ամերիկացի նախկին թեթևատլետ, օլիմպիական քառակի չեմպիոն Մայքլ Ջոնսոնի և նրա հայուհի կնոջ` ավագ խոհարար Արմինե Շամիրյանի հետ:
Ինչպես պարզել է պարբարականը, նրանք ծանոթացել են պատահաբար` ընկերների միջոցով: Դա տեղի է ունեցել 9 տարի առաջ Լոս Անջելեսում: Ջոնսոնը խոստովանել է, որ ջանում է կատարյալ ամուսին լինել իր կնոջ համար:
«Ես ջանում եմ կատարելագործել ինձ որպես մարդ, որպես հայր, որպես ամուսին: Ես մշտապես աշխատում են այդ առաքելությունն ի կատար ածելու ուղղությամբ»,- հայտնել է մարզիկը: Սակայն մի բան, որ մարզիկին խիստ հիասթափեցնում է, այն է, որ կատարելագործման ձգտող մարդը նույնը ակնկալում է շրջապատի մարդկանցից, ինչը չտեսնելով` խորը հիասթափություն է ապրում: Արմինեն Ջոնսոնի երկրորդ կինն է: Մինչ նա, մարզիկն ամուսնացած է եղել լրագրող Քերի Դոյենի հետ, որը նրա 12-ամյա որդու` Սեբաստիանի մայրն է: Նրանք ամուսնաուծվել են Ջոնսոնի` թոշակի անցնելուց հետո:
Պերֆեկցիոնիստ ամուսնու մասին Արմինեն պատմել է. «Նա ինձ ստիպում էր ամեն օր մարզասրահ այցելել, ինչը ես ատում եմ: Կարծում եմ, նա շատ է փոխվել: Տարիքին զուգընթաց նա հասկացավ, որ չի կարող ամեն ինչ իր շուրջը իդեալական դարձնել: Դա պետք է կամ ընդունել, կամ դժբախտ լինել: Նա ընդունեց դա»:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը պատմության մեջ միակ տղամարդ ատլետն է, որը օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել 200 և 400 մ հեռավորությունների համար:







































