Ինչպես հաղորդում է թուրքական Aksam թերթը, թուրքերի մեծ մասն այլևս հույս չունի, որ իրենց երկիրը կընդունվի Եվրամիության կազմի մեջ, և կողմ են արտահայտվում այլընտրանքներ փնտրելու քաղաքականությանը:
Թերթը գրում է, որ դեռ 2005թ., երբ Թուրքիան բանակցում էր Եվրամիության հետ անդամակցության հարցի շուրջ, եվրաինտեգրացիայի օգտին էին արտահայտվում բնակչության ավելի քան 74%-ը: Այս պահին այդ թիվը կազմում է 34.8%:
Հարցվածների 60.1%-ը բացասական պատասխան են տվել այն հարցին, թե արդյոք նրանք հույս ունեն Թուրքիա-Եմ բանակցությունների դրական արդյունքի հետ կապված: Հարցվածներից 53.2%-ն ընդհանրապես կարծում են, որ առաջիկա տասը տարիների ընթացքում ընդհանրապես առաջընթաց չի ակնկալվում:
Ամենաշատը թուրքերն այս հարցում մեղադրում են Ֆրանսիային` 30.2%, նրան հետևում է Գերմանիան 23.5%-ով: Թուրքիայի քաղաքացիների միայն 24.9%-ն է կարծում, որ Թուրքիան կարիք ունի Եվրամիության, ինչը կօգնի բարելավել երկրի տնտեսական իրավիճակը:
41.2%-ը կարծում են, որ ԵՄ-ին իրական այլընտրանք է Թուրքիայի համար տարածաշրջանային զարգացումը, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին են արտահայտվել 33.1%-ը:








































