ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հայտնի միջադեպի կապակցությամբ մամուլում այնպիսի հետևողական քննարկումներ եղան, որ հասարակությունը, ուզած թե չուզած, հետաքրքրությամբ սպասում է դեպքի հետ կապված զարգացումներին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Եթե մամուլն այս գործընթացի նկատմամբ շարունակի հետևողականություն ցուցաբերել, շատ լավ կլինի: Միաժամանակ, խորապես համոզված եմ, որ դեպքի առնչությամբ նորմալ դատ չի լինելու»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ երգահան Արտավազդ Բայաթյանն իր հերթին նկատեց, որ մենք ինքներս ենք պայմաններ ստեղծում, որպեսզի հասարակության անդամներից մեկի՝ մյուսից օտարացման գործընթացը խորանա: «Եթե մարդը գրպանում փող չունի, արհամարհված է»,- նշեց նա:







































