ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ բանակցությունների արդյունքում ընդհանուր հայտարարություն են ընդունել: Վեց էջից բաղկացած փաստաթուղթը հիմնականում ներկայացնում է երկրների դիրքորոշումը Սիրիայի, Իրանի, ԿԺԴՀ-ի և Աֆղանստանի վերաբերյալ:
Այսպես, ՌԴ և ԱՄՆ նախագահներն ընդգծել են, որ անհրաժեշտ է Սիրիայի ժողովրդին հնարավորություն տալ ինքնուրույն ընտրել իր հետագա զարգացման ուղին:
Առաջնորդները համաձայնել են համագործակցել տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար:
Կողմերը նաև պահանջել են Թեհրանից ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարին։
Հակահրթիռային պաշտպանության համակարգերի բնագավառում ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնել են շարունակել երկխոսությունը՝ անկախ հակասությունների առկայությունից։








































