Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջին անգամ, ըստ ժողովրդականության, առաջ է անցել ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայից կարևորագույն դեր ունեցող նահանգներից մեկում` Վիսկոնսինում, որտեղ քվեարկությունը կարող է զգալիորեն վճռորոշ ազդեցություն ունենալ նախագահան ընտրությունների ելքի վրա: Այսպիսին են հարցման արդյունքները, որոնք հունիսի 13-ին ներկայացրել է Rasmussen Reports-ը:
Համաձայն այդ տվյալների` Ռոմնիին իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչների 47 տոկոսը, Օբամային` 44 տոկոսը:
Մարտին Օբամային իր աջակցությունն էր հայտնել Վիսկոնսին նահանգի ընտրողների 52 տոկոսը, Ռոմնիին` 41 տոկոսը:
Օբամայի վարկանիշի նվազումը նահանգում կարող է կապված լինել դեմոկրատների ու արհմիությունների անհաջող փորձերի հետ` հասնել հանրապետական նահանգապետ Սքոթ Ուոկերի հրաժարականին, որը սահմանափակում էր քաղծառայողների արհմիությունների իրավունքները:
Հունիսի 5-ին Ուոկերին հաջողվել էր հաղթնակել արտահերթ ընտրություններում: Օբաման մի կողմ էր կանգնած այդ ամենից, սակայն ըստ փորձագետների, նրա դաշնակիցների պարտությունը չէր կարող չազդել նախագահի դիրքերի վրա:
Վերջին տարիներին նախագահի բոլոր դեմոկրատ թեկնածուները Վիսկոնսինում միշտ հաղթանակում էին:
Ներկայում Օբամայի ու Ռոմնիի վարկանիշները գրեթե հավասարվել են: Gallup-ի տվյալներով` Օբամային աջակցում է ամերիկացիների 46 տոկոսը, Ռոմնիին` 45:
ԱՄՆ-ում նախագահական ընտրույթյունները տեղի կունենան 2012թ. նոյեմների 6-ին:









































