Մեծ Բրիտանիայում խոշորագույն խանութներից մեկը մոտ օրերս պատրաստվում է վաճառքի հանել այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ տնային պայմաններում ցանկացած ոք կարող է պարզել երեխայի և հոր միջև եղած գենետիկական կապը: Raut.ru-ի փոխանցմամբ` ԴՆԹ-ի այս հաշվիչը կարժենա 29,99 ֆունտ ստերլինգ, որի հետ կվաճառվի նաև հաշվիչի օգտագործման վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն պարունակող խտասկավառակ:
Հատուկ սարքի միջոցով երեխայի և ծնողների համապատասխան տվյալները հավաքելուց հետո դրանք պետք է հանձնել հատուկ լաբորատորիա հետազոտության համար, ինչն էլ կարժենա 129 ֆունտ ստերլինգ: Այս ծառայությունից կարող է օգտվել յուրաքանչյուր բրիտանացի, եթե լրացել է նրա 16 տարին: Երկու ենթադրյալ ծնողներն էլ պետք է լրացնեն հատուկ փատաթուղթ, որտեղ իրենց համաձայնությունն են տալիս մասնագետների կողմից իրենց գենետիկ տվյալներն օգտագործելու համար:
Այս գաղափարի հեղինակներից մեկի` բիոէթիկայի մասնագետ Հելեն Ուոթթի խոսքերով, հայրությունը ճանաչող տնային թեստերը մեծ առավելություն ունեն: Դրանք հնարավորություն են տալիս ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր կասկածներ ունեն, թեսթից հետո հանգստություն ձեռք բերել:








































