«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
– Պարոն Կարապետյան, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է փողերի լվացման մեղադրանքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործում. որքանո՞վ է, ըստ Ձեզ, սա քաղաքական պատվեր:
– Երկար ժամանակ ԱԱԾ-ի տարբեր գործերով շփումների մեջ լինելու ընթացքում (ԱԱԾ կողմից թե՛ Ալեքսանդր Արզումանյանին և թե՛ Վահան Շիրխանյանին առաջադրված մեղադրանքների ժամանակ աշխատում էինք, որ նրանց չձերբակալեն) ակնհայտ է, որ ԱԱԾ-ի գործառույթների մեջ հաճախ նմանատիպ գործողությունները շատ կտրուկ են կատարվում: Այստեղ ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, բայց ոչ թե Վարդան Օսկանյանին պատժելու, նրա նկատմամբ քրեական գործը մինչև վերջ հասցնելու միտում, այլ ավելի շատ շինծու բան եմ տեսնում: Մյուս կողմից, սակայն, Հայաստանին խայտառակ են անում, չեմ հասկանում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ ԱԱԾ-ին: Ստացվում է՝ ինչքան արտաքին գործերի նախարար կա, նրանց դեմ քրեական գործ է հարուցվում:
– Կարծում եք՝ սա Հայաստանի վարկանիշի վրա կազդի՞:
– Իհարկե, կազդի Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ ստացվում է` ինչքան արտաքին գործերի նախարար ունենք, փող են լվանում: Մի քիչ ավելի խելացի կարող էին լինել քաղաքական ենթատեքստ գտնելիս: Իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ ուզում է անել՝ ցույց տալու, որ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունները լավ չեն: Տպավորություն է ստեղծվում, որ մի կողմից ԲՀԿ ղեկավարը հրաշալի հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, իսկ այստեղ Վարդան Օսկանյանի դեմ հարուցածը անհասկանալի է:
– Քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին, ԲՀԿ կոալիցիա չմտնելու հայտարարության հենց հաջորդ օրը: Սակայն հանրությանը հայտնի դարձավ հունիսի 11-ին: Որքանո՞վ էր սա կապված ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի այցի հետ:
– Կարծում եմ, որ կապ չունի: Կարելի է բացատրել գործի էությունը, եթե քրեական գործ հարուցվեր և ասվեր, որ Վարդան Օսկանյանը Հայաստանում ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության ռեզիդենտն է եղել, այն ժամանակ լրջություն կտեսնեինք այս ամենի մեջ, ԱԱԾ-ի գործառույթն էլ հասկանալի կլիներ: Այլապես որևէ լրջություն այս ամենում չկա: Մի քիչ էլ սպասենք, պարզ կլինի ամեն բան:
– Վարդան Օսկանյանին ճնշելով հնարավո՞ր է փորձ են անում ճնշել Ռոբերտ Քոչարյանին:
– Ճիշտ եք նկատել, բայց դա ցուցադրական է: Սերժ Սարգսյանն ուզում է ցուցադրել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէ, և եթե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսներն ուսումնասիրեր, այնքա՜ն բան կարող էր գտնել: Ի՞նչ կապ ունի Օսկանյանի գործի էությունը, ծիծաղելի հաղորդագրություն էր: Ստացվում է` արտաքին գործերի նախարարը բաժնեմաս է ծախել, գնացել ծխախոտ է գնել և հարկ չի՞ մուծել: Ավելի խելացի կարելի էր կազմակերպել: Այս ամենի քաղաքական ենթատեքստն այն է, որ Սերժ Սարգսյանը նմանատիպ շինծու քայլերով փորձում է Ռոբերտ Քոչարյանին Մոսկվայում որպես թեկնածու փչել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, Մոսկվայում էլ խնդիրներ ունի, չէ՞ որ ինքը երաշխավոր է եղել Սերժ Սարգսյանի գալու համար: Ի դեպ, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Մոսկվայում: Հիմա որևէ մեկը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը պրոարևմտյան դիրքի վրա է: Եվ հիմա Քոչարյանն էլ խնդիրներ ունի, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին, պետք է ունենա Մոսկվայի և հատկապես Պուտինի ամբողջական ընկալումը: Հիմա փոխանցելու խնդիր է, և եթե հիմա Մոսկվան ավելի ճնշեց, Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ ինչպես հանձնի այն Ռոբերտ Քոչարյանին: Դրա համար պետք է Ռոբերտ Քոչարյանը երևա շատ ավելի պրոռուսական դիրքերում: Այս ամենը շատ լավ մտածված խաղ է:
– Խաղ նախագահական ընտրություններից առա՞ջ:
– Այո՛, մեծ հաշվով, հիմա ուղղակիորեն խաղ է գնում, չգիտեմ Օսկանյանը այս ամենին որքանով է մասնակից, բայց ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, ինձ համար միանշանակ է, պարզապես այս ամենն իսկապես անհարմար է երկրի վարկի համար:
– Պարոն Կարապետյան, հնարավո՞ր է ընդդիմադիր միասնական թեկնածուին չեզոքացնելու նպատակ է դրված:
– Իմ տպավորությամբ, Վարդան Օսկանյանը երբևէ չի ասել, որ առաջադրվելու է, միշտ ասել է, որ մտածում է գուցե չառաջադրվի, թեև հնարավոր է, որ լինի: Ճիշտն ասած, Հիլըրի Քլինթընի այցից և Սերժ Սարգսյանին՝ հրաշալի նախագահ ներկայացնելուց հետո արևմտյան դաշտում գործող քաղաքական գործիչները քիչ շանս ունեն հիմնական թեկնածու լինելու:








































