Սոցիալիստական կուսակցության հաղթանակը հօգուտ Ֆրանսիայի հայ համայնքի է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ-ֆրանսիական կազմակերպությունների կոմիտեի համանախագահ Արա Թոհանյանն` անդրադառնալով Ֆրանսիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ընտրողների ձայների մեծամասնությանն արժանացած Սոցիալիստական կուսակցության հաղթանակին:
Նա սա հայ համայնքի համար ուրախալի լուր համարեց: «Սա վատ լուր չէ հայկական համայնքի համար, քանի որ Սոցիալիստական կուսակցությունն այն կուսակցությունն է, որ մինչև այսօր հայ համայնքի կողքին է եղել: Մեր պայքարը նրանք են, որ մինչև այսօր պաշտպանել են, միշտ նրանք են եղել մեր կողքին»,- մանրամասնեց Արա Թոհանյանը` հավելելով, որ ճիշտ կլինի նաև ասել, որ ավելի դյուրին է իրենց համար պաշտպանել հայ համայնքի իրավունքները, քանի որ նրանք օպոզիցիայի մեջ են:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ֆրանսիայում կայացած ընտրություններում Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, առաջին փուլում ստացել է ձայների մեծամասնությունը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է ձայների 35 %-ը, իսկ ազգայնական «Ազգային ճակատը»՝ Մարին լե Պենի գլխավորությամբ՝ մոտ 14 %-ը: Քվեարկողների 7 %-ը սատարել է կոմունիստական «Ձախ ճակատ»–ին:









































