Ալբանիայի խորհրդարանը երկուշաբթի երեկոյան ՆԳ նախարար Բույար Նիշանիին ընտրել է երկրի նոր նախագահ: Խորհրդարանից քվեարկության ուղիղ հեռարձակումն իրականացրել է Top Channel հեռուստաալիքը:
Նիշանին եղել է իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Առաջատար ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:
Ալբանիայի նախագահը խորհրդարանի կողմից ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ներկայիս նախագահ Բամիր Թոպի պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 24-ին: Նա հրաժարվել է իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրել՝ վարչապետ Սալի Բերիշայի հետ ունեցած հակասությունների պատճառով:
ՆԳՆ ղեկավարի թեկնածությունն առաջ է քաշվել միայն երկուշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ֆինանսական վերլուծաբան Արտեն Խոջան սեփական ցանկությամբ վերջին վայրկյանին հրաժարվել է մասնակցել ընտրությանը:
Ալբանիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի ընտրության հինգ փորձ կատարել, եթե հինգն էլ ձախողվում են, ապա խորհրդարանը ցրվում է, և երկրում նոր ընտրություններ են սկսվում:










































