Ամերիկյան The New-York Times օրաթերթն այսօր հետաքրքիր հրապարակում է ներկայացրել Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Հոդվածի հեղինակ Ռոջեր Քոհենի խոսքով, «դավութօղլիզմ» բառը շատ դժվար է արտաբերել: «Բայց եթե ես հնարավորություն ունենայի Սառա Փեյլինին, «Թեյի» կուսակցության պահպանողականներին կամ մեկ-երկու իսլամատյացներին ուղեկցելու մի տեղ, որպեսզի ցույց տամ, թե ոնց է աշխարհը փոխվել, ապա դա կլինի Թուրքիան է»:
Դավութօղլուն, որը ներկայիս արտաքին քաղաքականության հեղինակն է եւ 2009թ. մայիսից` Թուքրիայի արտաքին գործերի նախարարը, նյարդայնացնում է ամերիկացիներից շատերին: Շատերը կարծում են, որ նա է «դեպի Արեւելք», Իրանի հետ ընկերանալու, Իսրայելի հետ գժտվելու քաղաքականության հեղինակը: Ամերիկյան վարչակազմն իր ափսոսանքն էր հայտնել, երբ Թուրքիան դեմ քվեարկեց Իրանի հանդեպ պատժամիջոցների: Կոնգրեսն էլ է դժգոհ` հետաձգելով այդ երկրում դեսպանի նշանակումը:
Վաշինգտոնում կարոտախտով են հիշում, թե ինչպիսի ճկունություն էր ցուցաբերում Թուրքիան` նախկինում Արեւմուտքի հետ հարաբերություններում: Դավութօղլուից դա չեն սպասում: «Մենք չենք ցանկանում լինել ճակատային երկիր` ինչպես «սառը պատերազմի» ժամանակ էր»,- ասել է Դավութօղլուն` հավելելով. «Մենք չենք ցանկանում խնդիրներ ունենալ եւ ոչ մի հարեւանի հետ»: Սա եղել է եւ է Դավութօղլուի քաղաքականությունը 2001թ.` հարեւանների հետ պետք է լինի զրո խնդիր:
Հոդվածագրի խոսքերով դրա արդյունքներ արդեն շոշոափելի են. Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 40 մլրդ դոլարի, Սիրիայի հետ հարաբերությունները լավ են, քան երբեւէ, իսկ Իրաքում աճել է այդ երկրի տնտեսական ազդեցությունը: Իսկ հիմա էլ Թուրքիան հայտարարում է, որ նույնիսկ ՄԱԿ-ի պատժամիջոցների պայմաններում, պատրաստվում է եռապատկել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը:
Իսկ արեւմուտքը շարունակում է դժգոհել: Արեւմուտքը, ցուցաբերելով կարճատեսություն, թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն, ու հիմա բողոքելու տեղ էլ չունի: Թուրքիայի ամենամոտ դաշնակիցներից եւ ԵՄ նրա անդամակցության ամենամեծ ջատագովներից մեկը` Մեծ Բրիտանիայի վարչապետը շատ դիպուկ նշել է, որ Եվրոպան կարծում է , թե «Թուրքիան պետք է պաշտպանի ճամբարը, բայց իրավունք չունի մտնելու վրան: Իմ կարծիքով, դա պարզապես ճիշտ չէ»:
Ըստ հոդվածագրի` դա, իհարկե, սխալ է,ավելին` հիմարություն է, բայց դա իրողություն է: Համենայն դեպս, Թուրքիան մի ոտքով արեւմտյան վրանում է: Բացի դրանից` այդ երկիրը հպարտ է նրանով, ինչին հասել է փոփոխվող այս աշխարհում: Հիմա Թուրքիան ընտրելու ավելի շատ հնարավորություն կունենա: Թուրքերը հիմա այդքան էլ մեծ կախվածության մեջ չեն ԱՄՆ-ից: Կոնգրեսմեններն ինչքան ուզում են, թող կատաղեն, ոչ մի բան էլ չի փոխվելու: Ինչպես ասել է Դավութօղլուն, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «հիմնված է ռազմավարական դասավորվածության իրատեսկան եւ ռացիոնալ վերլուծության վրա»:







































