1992թ. այս օրը (մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը) ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին:
Շուշիի ազատագրումը վճռորոշ ազդեցություն ունեցավ արցախյան պատերազմի ընթացքի վրա: Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա):
Շուշին համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից 1991-1992թթ. շարունակ ռմբակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։
Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվում էր որպես ռազմական հենակետ։
Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Արցախ նահանգի Վարանդա գավառում։ 1828-ից հետո Շուշին ապրել է ծաղկման շրջան, դառնալով կարևոր մշակութային և արհեստագործական կենտրոն։ Առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։
19-րդ դարավերջին 60 հազար բնակչությամբ Թիֆլիսից հետո Անդրկովկասիերկրորդ քաղաքն էր: Մեծամասնություն կազմող հայերից բացի բնակվում էին նաև կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ) և ռուսներ:
Ներկայում Շուշիում բնակվում է շուրջ 3 հազար հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։
Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել ու դարձնել Արցախի մշակութային կենտրոն:









































