«Ես չէի ենթադրում իմ մասնակցությունը «Ժառանգության» հետ: Նրանք իրենց նախընտրական ծրագիրը գրել են գրեթե հաշվի առնելով, որ ես չեմ լինի ԱԺ-ում», – այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 4-րդ գումարման ԱԺ-ի «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի հմուտ լինի և ոչ թե հավատա հայտարարություններին. «Կապ չունի կլինի ընդդիմություն, թե իշխանություն: Այն պետք է իր ունակությունների մեջ հմտանա: Հանդես գա այնպիսի հիմքերով, որ կարողանա իր կարծիքը դարձնել իրական, ապացուցելի փաստ: Եթե դա տեղի չի ունենում, ապա քաղաքական առումով քաղաքացիական հասարակությունն ուժեղանում է, բայց ունակությունների մեջ փոփոխություն չկա»: Ալավերդյանը կարծում է, որ քաղաքացիական հասարկության հմտություններից է կախված իրական փոփոխությունները մեր երկրում և իրավական պետության ստեղծումը նույնպես. «Ես երբևէ չեմ ակնկալել, որ դրական փոփոխությունները կարող են կատարվել իշխանության միջոցով»:
Նա նշեց նաև, որ մենք ունեցանք այնպիսի ընտրություններ ինչպիսին պլանավորել էր իշխանությունը՝ որակական նոր փոփոխություն չկա. «Մենք ունենք այն, ինչ ունենք: Սա այն ԱԺ-ն է, որը նախագծված է եղել իշխանության կողմից»: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք հիասթափված չէ ընտրություններից, պատասխանեց. «Ես երբևէ հիացած չեմ եղել, հետևաբար նաև չեմ էլ հիասթափվել: Պարզապես պետք է դասեր քաղել, ինչը խորհուրդ եմ տալիս նաև քաղաքացիական հասարակությանը: Պատահական չէ, որ ես ուզում եմ զբաղվել գիտական և կրթական ոլորտում, քանի որ ես հիմա հստակ գիտեմ, որ իրավական պետության կայացման համար ավելի խորքային աշխատանք է պետք: Այն պետք է սկսել կրթության ոլորտից: Ոչ թե պետք է հավատանք առանձին խմբերին, այլ պետք է փոխենք ու հավատանք մեզ»:







































