«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, հուսով է, որ այս տարվա ընտրությունները կանցնեն ավելի քաղաքակիրթ: Ամուսնու՝ «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում առաջադրվելու վերաբերյալ ընտանիքում որևէ խոսակցություն չի եղել, քանի որ ինքն էլ ամուսնու պես հավանում է նրանց ծրագրերը. ««Ազատ դեմոկրատներ»-ից միայն լավ բան եմ սպասում, Ալեքսանդրի հետ էլ մեր կարծիքները այս հարցում հիմնականում համընկնում են»,-ասաց տիկին Բրաունը:
Նա նաև նշեց, որ մի փոքր անհանգստություն ունի՝ կապված առաջիկա ընտրությունների հետ, քանի որ իր ամուսինը եղել է քաղբանտարկյալ՝ առաջին անգամ ազատազրկվել է 4 ամսով, երկրորդ անգամ՝ 1.5 տարով, սակայն գտնում է, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններն ավելի հանգիստ մթնոլորտում են անցնում:
«Մարդու իրավունքների տեսակետից կուսակցության ներկայացրած կետերը շատ կարևոր են և առաջնային՝ այսօրվա Հայաստանի համար: Իսկ ամուսինս վաղուց է քաղաքականության մեջ, և ես հուսով եմ, որ կկարողանա փոփոխություններ մտցնել երկրում»:








































