News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով օգոստոսի 1-ից Վրաստանում սկսելու են տրամադրել նոր տիպի վարորդական վկայականներ:
Դրանցում, A, B, C, D, E հիմնական կատեգորիաներից բացի, կլինեն նաև 15 ենթակատեգորիաներ: Օրինակ՝ A կատեգորիան, որը նախատեսված է մոտոցիկլետ վարելու համար, ունենալու է A1 ենթակատեգորիա՝ նախատեսված սկուտեր վարելու համար:
Մարդատար մեքենաներին առնչվող B կատեգորիան ունենալու է B1 ենթակատեգորիա՝ փոքր չափեր ունեցող մարդատար ավտոմեքենաների համար և BE ենթակատեգորիա՝ քարշակով մարդատար ավտոմեքենաների համար:
Բեռնատար մեքենաներին առնչվող C կատեգորիան ունենալու է C1 ենթակատեգորիա՝ փոքր չափեր ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար, CE ենթակատեգորիա՝ քարշակով բեռնատար ավտոմեքենաների համար, C1E ենթակատեգորիա՝ քարշակով և փոքր չափեր ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար:
Ավտոբուսների համար նախատեսված D կատեգորիան ունենալու է DE ենթակատեգորիա՝ քարշակով ավտոբուսների համար, D1՝ փոքր չափեր ունեցող ավտոբուսների համար, D1E՝ փոքր չափեր ունեցող և քարշակով ավտոբուսների համար, T՝ տրակտորների համար և S՝ էքսկավատորների համար:
Վարորդական նոր վկայականները պարունակելու են ամբողջական տեղեկատվություն դրա տիրոջ մասին, այդ թվում՝ նաև նրա փաստացի հասցեն:










































