«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը տեղեկացված է ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Այդ մասին նշել է առաքելության մամուլի խոսնակ Ջուզեպպե Միլացցոն` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով կիրակի օրը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանի, Նիկոլ Փաշինյանի և Բաբկեն Գարոյանի վրա հարձակման փաստին։
«Նշեմ, որ մեր գործելաոճի չափանիշներով, մենք դիտարկում ենք քարոզարշավի բնույթը և քաղաքական միջավայրը: Որքանով տեղյակ ենք, հիշյալ միջադեպը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության ներքո: Մեր դիտորդները հետևում են այդ դեպքի կապակցությամբ առկա զարգացումներին, ինչպես նաև պաշտոնական մարմինների արձագանքին», – ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակի գրավոր պատասխանում։
«Կարևոր է արձանագրել, որ անկողմնակալ և փաստերի վրա հիմնված գնահատումը այն հիմքն է, որի վրա մենք կառուցում ենք մեր դիտարկման գործելակերպը: Դիտորդական առաքելությունը կտա իր գնահատականը ընտրական ողջ գործընթացի համատեքստում և ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան: Մեր նախնական զեկույցը կհրապարակենք ընտրությունների հաջորդ օրը: Մինչ այդ Առաքելությունը որևէ եզրակացություն չի անի ընտրական գործընթացների վերաբերյալ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Ջուզեպպե Միլացցոն:







































