Նյու Յորքի ոստիկանությունը երկուշաբթի` ապրիլի 9-ին, ձերբակալել է Կանադայի 40-ամյա քաղաքացի Ժենեվևա Սաբուրինին հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին հետապնդելու մեղադրանքով: Վերջինս մեկ շաբաթ առաջ հայտարարել էր իր նշանադրության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը` հղում անելով AP-ին:
Դերասանի խոսքով` կանադուհին, որին ինքը հանդիպել է մի քանի տարի առաջ, մի քանի անգամ զանգել է իրեն ու սեր խոստովանել:
Բացի այդ` Սաբուրինը մեկ անգամ չէ, որ խախտել է հասարակական կարգը հրապարակային միջոցառումների ժամանակ, որին մասնակցել է Բոլդուինը:
«Ինչպես գիտեք, հետապնդումը շատ լուրջ հարց է, դրա համար գործը հանձնվել է Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտ»,- հայտարարել է Բոլդուինի ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ենթադրվում է, որ կնոջը մոտ ապագայում կներկայացվի հետապնդման ու ոտնձգության մեղադրանք:
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ 54-ամյա դերասանը պատրաստվում է ամուսնանալ յոգայի 28-ամյա մարզիչ Հիլարի Թոմասի հետ:
ԶԼՄ-ները հայտնում են, որ սիրահարները ծանոթացել են 1 տարի առաջ:
Բոլդուինը նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում` «Ամուսնանալու սովորույթ», «Արգելակ», «Պարզ դժվարություններ» ևն:







































