Նախընտրական փուլը կարևոր է ընտրացուցակների մաքրման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ հասարակության ինստիտուտ» դիտորդական ՀԿ նախագահ, քաղաքագետ Էդգար Հակոբյանը՝ խոսելով գալիք ընտրությունների և իրենց դիտորդական առաքելության վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել ՄԻ և ժողովրդավարության ամրապնդմանը: Ըստ Է. Հակոբյանի՝ իրականացնում են բոլոր ընտրությունների ժամանակ տեղական դիտորդական առաքելություն և տալիս են եզրակացություն կատարած աշխատանքի մասին: Էդգար Հակոբյանի ղեկավարած կազմակերպությունը գալիք ընտրություններին ևս նախատեսում է իրականացնել դիտորդական առաքելություն:
«Դիտորդներ լինելու են ընտրատեղամասերում և շրջիկ խմբեր են լինելու, ովքեր մեր դիտորդների արձանագրած փաստերը կենտրոնացնելու են: Այս նախընտրական շրջանը ևս դիտարկելու ենք, թե՛ դրականը, թե՛ բացասականը ներկայացվելու է հաշվետվության մեջ»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ իրականացնելու են շատ խիստ դիտորդություն, քանի որ իշխանությունները բացառիկ ընտրություններ են կանխատեսել:
Է. Հակոբյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ իրենց գործելաոճը չի փոխվել, բայց ի տարբերություն նախորդի, այս ընտրությունները որակապես տարբերվելու են թե՛ մրցակցային ֆոնով, թե՛ ընդդիմադիր ուժերի ավելացմամբ, թե՛ համացանցի զարգացմամբ: «Ուսումնասիրությունների ընթացքում մենք կենտրոնանում ենք ցուցակների վրա, որպեսզի կարողանանք մեր լուման ունենալ ցուցակների մաքրման գործընթացում: Ընտրողների վերջնական ցուցակները հայտնի են լինելու ընտրություններից առաջ: Կատարյալ ընտրացուցակ ոչ մի երկրում չկա, բացառությամբ սկանդինավյան երկրների: Դա ընդհանուր համակարգի խնդիր է, չունենք էլեկտրոնային ընդհանուր բազա, այդ պատճառով այս ժամանակահատվածը կարևոր է ցուցակների մաքրման համար, ինչու չէ նաև մահացած մարդկանց անուններից մաքրելու համար»,- եզրափակեց իր խոսքը բանախոս Էդգար Հակոբյանը:









































