Չինաստանն իր սպառողական շուկայով առաջ է անցել ԱՄՆ-ից: Առևտրային ոլորտի վերլուծաբաների կանխատեսումներով` 2015 թվականին Չինաստանի սպառողական շուկան «կարժենա» 918 միլիարդ ֆունտ, իսկ ԱՄՆ-ինը`675 միլիարդ: IGD-ի փորձագետները ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել հին աշխարհի կարգը:
Չինաստանում տարեկան սպառումը 11 տոկոսով ավելացել է` 2011 թվականին կազմելով 607 միլիարդ ֆունտ: Մինչդեռ ԱՄՆ-ի գնորդների պասիվությունը ամենօրյա ապրանքների սպառման գործում տարեկան ցուցանիշի 4 տոկոսով անկման է հանգեցրել: Ըստ այդմ` ԱՄՆ-ի սպառողական շուկան 2011-ին 572 միլիարդ ֆունտ է արժեցել:
Ուսումնասիրության թիրախում ամենօրյա գնումներ են: Խոսքն իհարկե չի վերաբերում անշարժ գույքի, ավտոմեքենաների ու շքեղ իրերի սպառմանը: Կանխատեսումներ 2025 թվականի համար չեն արվել, սակայն Չինաստանի բնակչության կազմի վերաբերյալ կանխատեսվող վիճակագրությունն ամեն ինչ պարզ է դարձնում: Այդ ժամանակ Չինաստանը կունենա ավելի քան մեկ միլիոնանոց բնակչությամբ ավելի քան 200 քաղաք:
Վերլուծաբանները կարծում են, որ շուտով Ռուսաստանի, Հնդկաստանի ու Բրազիլիայի սպառողական շուկաներն առաջ կանցնեն եվրոպականներից:







































